Հասանք Իրան-Պատմական Պարսկահայք

Ճամփորդության սկիզբ-մեկնումը՝ այստեղ.

Առաջին օրը Պարսկահայքում…
Ամբողջ գիշեր՝ մինչև լուսաբաց, անցանք Երևան-Սյունիք՝ Մեղրի-Ագարակ ճանապարհը, հաջողությամբ հատեցինք հայ-իրանական սահմանը, որտեղից սկսվեց մեր կարճատև՝ երկօրյա, բայց հագեցած շրջագայությունը պատմական Պարսկահայք աշխարհում
Իմ այս գրում ես հիմնականում կներկայացնեմ այն բնակավայրերն ու պատմամշակութային վայրերը, որտեղ եղանք մենք՝ սեբաստացիներս մեղրեցի մեր ընկերների հետ, որը կարող է դառնալ ուղեցույց Պարսկահայք-Թավրիզ այցելող մեր մյուս խմբերի համար:

Հայ-իրանական սահմանից՝ Արաքսի երկայնքով ճանապարհը տանում է դեպի Ջուլֆա: Բայց մինչ Ջուլֆա հասնելը, դեռ շատ բան կա տեսնելու, դրանցով հիանալու…ճանապարհը, որը տանում է դեպի Ջուլֆա, Մեղրիից դեպի Օրդուբադ տանող հայտնի ճանապարհն է, որին պարսիկներն անվանում են «Նանա վայ»…աջ կողմում Արաքսն է՝ իր ողջ հմայքով, դիմացը՝ Օձասարը, որի վրա էր տեղակայված հայտնի պատմական Երնջակ բերդը, որտեղ 9-10-րդ դարերում հայերը, Բագրատունյաց Հայաստանի նշանավոր գահակալ Սմբատ 1-ինի գլխավորությամբ, հերոսաբար դիմադրեցին Ատրպատականի ամիրա Յուսուֆին:

Իրանի 1-ին բնակավայրը, որը երևում էր ճանապարհից, Սիահռուդ գյուղաքաղաքն է, իսկ այն թարգմանաբար նշանակում է «Սև գետ»: Ավելի հեռվում երևում էր Նախիջևանի Դասթա գյուղը:
Հասանք 1-ին գեղատեսիլ վայրը՝ «Ավերակ ջաղաց-ջրաղաց», որտեղ, ըստ իրանցիների պատմածի, նախկինում ջրաղաց է եղել: Վայրը շատ նման էր մեր Շուշիի «Զոնծիկներ» կոչված վայրին՝ հունոտի կիրճում:
«Ավերակ ջաղաց»-ի կիրճում էլ ավարտվում է Ղարադաղի լեռնաշղթան, որն ամբողջ ճանապարհին ուղեկցում էր մեզ:

Հասանք Ջուլֆա, որը երևում էր, որ բավականին արագ է զարգանում, այդ մասին է խոսում նաև «Ջուլֆայի ազատ տնտեսական գոտու» առկայությունը…Ջուլֆայում մենք տեսանք անընդհատ կառուցվող շինություններ…
Ջուլֆայում է գտնվում հայազգի Խոջա Նազարի քարավանատունը, որը ներկայումս հանդիսանում է ժամանցի վայր՝ թեյատուն /չայխանա/, որտեղ պատրաստվում,  ցուցադրվում և վաճառվում են իրանցի վարպետների ձեռագործ- նկարազարդ աշխատանքները /կավագործություն, խեցեգործություն, նկարներ/…իսկ ձիերի և ուղտերի ու խոջաների քանդակ-արձաններն ուղղակի արվեստի հրաշալի գործեր են:

Քարավանատնից շարժվեցինք դեպի յուրօրինակ ճարտարապետությամբ հայտնի «Սուրբ Ստեփանոս Նախավկայի» վանական համալիր, որը Իրանում գտնվող երեք վանական համալիրներից մեկն է: Այժմ այն ներառված է Ատրպատականի հայոց թեմի մեջ:
Դեպի «Սուրբ Ստեփանոս» տանող ճանապարհից շատ պարզ երևում էր Նախիջևանի խաչքարադաշտը, որտեղ եղած տասը հազարի հասնող խաչքարերը 2004-2006 թթ. վայրագաբար ոչնչացրեցին ադրբեջանցիները:

Շրջանցեցինք Մարանդը, հասանք Սուֆիան, իսկ Թավրիզը շրջանցելով՝ անցանք Օսքու քաղաքի կողքով և հասանք Քանդովան՝ հայտնի ժայռափոր բնակավայրը…աննկարագրելի օր, հոյակապ քանդակագործական-ճարտարապետական տեսարան, չգիտեմ՝ բնությա՞ն, թե՞ մարդու հրաշագործության արդյունքն է շուրջ 700 տարվա վաղեմություն ունեցող ժայռափոր այս բնակատեղին: Բնակիչները պատմում են, որ «քանդու» նշանակում է «փեթակ», իսկ բնակավայրը հենց Քանդովան է կոչվել մեղվի փեթակներին ունեցած նմանության հետևանքով: Մենք խոսեցինք բնակավայրի մի բնակչուհու հետ, ով պատմեց իրենց կենցաղային դժվարությունների մասին, բայց միաժամանակ իր խոսքում նշեց, որ չեն ցանկանում լքել այս պատմական վայրը, քանի որ արդեն սովորել են այստեղ սերնդե-սերունդ ապրելուն՝ չնայած բազում դժվարություններին ու խնդիրներին:
Այս հրաշք բնակավայրի ուսումնասիրությամբ էլ ավարտեցինք մեր առաջին հագեցած օրը Իրան-Պարսկահայքում, որտեղից վերադարձանք նշանավոր Թավրիզ քաղաք, որտեղ էլ գիշերեցինք:


Երկրորդ օրը Պարսկահայքում-Ուրմիա լիճ…
Նախաճաշելուց հետո մեր միասնական խումբը բռնեց դեպի Ուրմիա-Կապուտան լիճ տանող ճանապարհը…լսել էի Հայկական բարձրավանդակի ամենախոշոր և ամենաաղի լճի՝ Ուրմիայի ցամաքելու մասին, բայց չէի պատկերացնում, թե ինչ աստիճանի ցամաքած կլինի, որ չտեսնեմ 5800 քառակուսի կմ մակերեսով, 140 կմ երկարությամբ ձգվող Կապուտան ծովը: Ինչքան մոտենում էինք Ուրմիայի տարածքին, այնքան ճանապարհն ավելի երկար էր թվում, իսկ ես ուզում էի վայրկյան առաջ հասնել և իմ աչքերով տեսնել օրեցօր «նահանջող» լիճը…և համոզվեցի, երբ տեսա ճերմակած-աղապատ դաշտերը…Ուրմիա-Կապուտանը, իրոք, ցամաքում է, այն օր-օրի, ժամ առ ժամ նահանջում է, Ուրմիան խեղճացած էր թվում, ալիքների զայրույթ ու խփոց չկար, լիճն անձայն էր, խաղաղ ու հանդարտ, բայց միևնույն ժամանակ՝ գեղատեսիլ ու մարդաշատ՝ իր հարավային կապույտով և հյուսիսային կարմիրով…այո-այո, մի՛ զարմացեք, կամուրջը, որը կապում է Արլ. Ատրպատականը Արմ. Ատրպատականին, Թավրիզը Ուրմիա քաղաքին, նաև լիճն է բաժանում երկու մասի՝ հարավային, որտեղ ջուրը կապույտ է, և հյուսիսային, որտեղ ջուրը կարմիր է…ա՜յ քեզ հրաշք…

Մենք Ուրմիայի հյուսիսային ափին էինք, որտեղ հասնելու ճանապարհին անցանք մի շատ հետաքրքիր անվամբ գյուղի միջով՝ Հովարչին ղալե, որը թարգմանաբար նշանակում է «Աղունիկ բերդ»:
Լճափին մեզ անակնկալ էր սպասվում. մենք որոշել էինք, որ մեր Հայարփի Անանյանը սեբաստացիներիս հետ միասին կիրականացնի պարուսուցում, բայց ստացվեց հակառակը՝ մենք սովորեցինք իրանցիների պարը…Ուրմիացի երեք երիտասարդ այդ պահին պար էին բռնել իրանական երաժշտության ներքո, որին միացան նաև սեբաստացիները, ու ստացվեց շատ հավես պարային ֆլեշմոբ: Պարն ավարտվելուց հետո հետաքրքրվեցինք, թե ինչ պար էինք պարում, տղաները սիրով պատասխանեցին, որ դա քրդական ազգային պար էր…

Ուրմիա լճով հիացած և ուրմիացիների պարով ոգևորված բռնեցինք վերադարձի ճանապարհը՝ դեպի Ջուլֆա-Սիահռուդ՝ Իրան-Հայաստան սահման:
Մեր վերադարձը նույն ուղով չէր, անցանք նոր տարածքներով…անցանք Րաֆֆու ծննդավայր Փայաջուկ գյուղի կողքով, մտանք պատմական Սալմաստ գավառ, Խոյ-Խոյի կամուրջ, որտեղով հոսում է Մակու /Տղմուտ/ գետը՝  դեպի Արաքս իր նվազ ու հանդարտ հոսքով: Անցանք Սիլջեդ, Հադիշահր, ընկուզենիներով հայտնի Էրսի գյուղերով ու հասանք Ջուլֆա-Սիահռուդ, որտեղ Իրան-Հայաստան սահմանն է՝ մեր Արաքս գետով…

Ուշ երեկո էր, երևում էր միայն սահմանային Իրանի լուսավորությունը, իսկ մթության մեջ լսվում էր Մայր Արաքսի հանդարտ խշշոցը…անցնելով սահմանը՝ մեր հետևում թողեցինք և՛ Արաքս գետը, և՛ պատմական Պարսկահայք նահանգը ու նորից շարունակեցինք մեր գիշերային ճանապարհը դեպի Գորիս՝ նշանավոր Կոռնիձոր գյուղ…
Իսկ Գորիս-Կոռնիձորում անցկացրած օրվա մասին կարող եք կարդալ սովորողների պատումներում…
«
Ճամփորդության վերջին օրը անցկացրինք Կոռնիձորում, որն ինձ համար ճամփորդության ամենահաճելի մասն էր։ Կոռնիձորն ինձ համար դարձել է հոգեհարազատ մի վայր։ Հիշողությանս մեջ դեռ տպավորված էր երկու տարի առաջ այնտեղ անցկացրած հրաշալի ժամանակս։ Կոռնիձորում մարդիկ շատ հյուրասեր և բարի են, այդ իսկ պատճառով մենք մեզ օտար չէինք զգում այնտեղ…»-գրում է Հարություն Ասատրյանը…

Հատված «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունից՝
Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փաղչում ես
Այդ հարազատ ափերից։

Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին…
             Ռաֆայել Պատկանյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: