ՀՀ ԿԳՄՍ կողմից հանրային քննարկման ներկայացված փաստաթղթերի ընթերցում-ուսումնասիրություն

Փաստաթուղթ 1․ Հանրակրթության պետական չափորաշիչ, որով աշխատելու ենք 2023 ուսումնական տարվա սեպտեմբերից․․․

Իմացության համար կարևոր դրույթներ՝

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է՝

ա/ շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ)
բ/ ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները
գ/ հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը
դ/ ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները
ե/ սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը․

II. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

7. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
8. Միջնակարգ կրթության կարողունակություններն են`
1) լեզվական գրագիտություն և կարողունակություն
2) սովորել սովորելու կարողունակություն
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն
5) թվային և մեդիա կարողունակություն
6) մշակութային կարողունակություն
7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն
8) տնտեսական կարողունակություն

VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք
2) հմտություն
3) դիրքորոշում
4) արժեքային բաղադրիչ

15. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով՝
1) հայոց լեզու և գրականություն
2) հայրենագիտություն
3) օտար լեզուներ
4) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)
5) հասարակություն, հասարակական գիտություններ
6) արվեստ և արհեստ
7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն

16. Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների
2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը
3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների
4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները
5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը
6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների
7) թեմաները և դրանց բովանդակությունը
8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները
9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը

VII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ

19. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է՝
ա/ ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների դրանց հատկացվող ժամաքանակները
բ/ սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների։

20. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանում ուսումնական բնագավառներն են`
1) Հայոց լեզու և գրականություն
2) Հայրենագիտություն
3) Օտար լեզուներ
4) ԲՏՃՄ
5) Արվեստ և արհեստ
6) Հասարակություն, հասարակական գիտություններ
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն

21. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակվում են ընդհանուր, մասնագիտացված և հատուկ հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները։
22. Ուսումնական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝
1) պետական բաղադրիչ
2) դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին և նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։

23. Պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը:
24. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, պետական բաղադրիչով սահմանված առարկաներին և խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

26. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝
1) տարրական դպրոց` ոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3590.
2) հիմնական (միջին դպրոց)` ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 5950.
3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080:

27. Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝
1) տարրական դպրոց` 3590, որից պետական պարտադիր բաղադրիչ 1733, դպրոցական պարտադիր բաղադրիչ 1857, որից 359-ը՝ ընտրովի.
2) հիմնական (միջին դպրոց)` 5950, որից պետական պարտադիր բաղադրիչ 2673, դպրոցական պարտադիր բաղադրիչ 3277, որից 238-ը՝ ընտրովի.
3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական պարտադիր բաղադրիչ 1633, դպրոցական պարտադիր բաղադրիչ 2387, որից 612-ը՝ ընտրովի:

28. Հանրակրթական պետական ծրագրի ծավալները պետք է համապատասխանեն պետական պարտադիր բաղադրիչի ժամաքանակին: Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները պետք է համապատասխանեն կրթական աստիճանին հատկացված ամբողջ ժամաքանակին և տոկոսային արտահայտմամբ կազմում են՝ տե՛ս չափորոշչում, Աղյուսակ 1․
31. Պետական բյուջեի միջոցներից պետական հանրակրթական ուսումնական հաստատության նախաձեռնությամբ իրականացվող այլընտրանքային, փորձարարական, հեղինակային և այլ ծրագրերի իրականացումը ֆինանսավորվում և (կամ) համաֆինանսավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
32. Ուսումնական պլանների և ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ:

VIII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

33. Չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներառում է իր ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներ և (կամ) դասընթացներ: Ուսումնական պլանում կարող են ներառվել առարկաներ, որոնց բովանդակությունն առնչվում է մի քանի ուսումնական բնագավառների՝
6) «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով.
7) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով.

IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:
38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։
39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։
40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:
45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:
46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։
47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:
53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:»:

Փաստաթուղթ 2․ Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը՝ համաձայն հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:

Նախագծով առաջարկվող կարգավորումները հիմք են  փոքրաթիվ աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունում գործընթացը պատշաճ կազմակերպելու, դասարանները որոշակի առարկաների ժամերին ըստ համատեղելիության և ուսուցման գործընթացը կազմակերպելու հնարավորությունների  միավորելու՝ հնարավորություն ընձեռնելով դպրոցներում  բազմահամակազմ դասարաններ ձևավորել՝ հաշվի առնելով տարիքային և առարկայական որոշ առանձնահատկություններ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: