«Պատմություն» առարկայի ծրագիր (7-րդ դասարան)

«Պատմություն» առարկայի ծրագիր (7-րդ դասարան)

Բացատրագիր

«Պատմություն» առարկայի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը:

7-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության միջնադարը:

Պատմությունը ժողովրդի հավաքական հիշողությունն է,նրա կենսագրությունը: Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովրդներից է, որը պատմական ասպարեզ է իջել անհիշելի ժամանակներից և անցել զարգացման բարդ և դժվարին, կորուստներով և ձեռքբերումներով լի ճանապարհ: Շարունակելով իր պատմական ուղին՝ հայ ժողովուրդը հասել է մինչև մեր օրերը և որպես ազգ ոտք է դրել արդեն նոր հազարամյակ՝ իր ազատությամբ, պետականությամբ և այն զորացնելու վճռականությամբ:

Հայոց պատմությունը պարունակում է հայրենասիրություն և ազգային արժանապատիվ գոյություն: Հայոց պատմության իմացությունը հնարավորություն է տալիս ՀՀ ապագա քաղաքացուն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու ժանաչողական հմտությունները, փորձը և անցյալի դասերը ծառայեցնել Հայաստանի հզորացմանը և բարգավաճմանը, պատկերացում կազմել համաշխարհային պատմության մեջ Հայաստանի և հայ ժողովրդի զբաղեցրած տեղի ու դերի մասին, զուգահեռներ անցկացնել հայ ու համաշխարհային քաղաքակրթության խաչմերուկում:

Հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում

Հայոց պատմությունը կազմում է համաշխարհային պատմության մի օղակը: Ուստի այն պետք է ուսումնասիրվի ընդհանուր պատմության հետ միասնության մեջ:

Այդ միասնությունը կարելի է ապահովել.
-միևնույն դարաշրջանի պատմական դեպքերի ու երևույթների համաժամանակյա ուսուցման միջոցով
-ընդհանուր պատմական հասկացությունների և գաղափարների յուրացման միջոցով
-համաշխարհային դեպքերի և իրադարձությունների միացյալ ուսումնասիրության միջոցով
-ներածական, ընդհանրացնող և ամփոփիչ կրկնությունների միջոցով:

Պատմական երկու դասընթացների կապն ու հիմնական գծերի համեմատումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու գիտելիքների ամբողջական համակարգ համաշխարհային պատմության վերաբերյալ, պարզելու մարդկության պատմության ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները, որոշելու մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ, նրա ավանդը մարդկային քաղաքակրթության ստեղծման և զարգացման գործում:

«Պատմություն» առարկայի ուսուցման նպատակները և խնդիրները

Նպատակները՝

  • «Պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգային գիտակցությամբ օժտված, համակողմանի զարգացած, լիարժեք դաստիարակություն ստացած, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող ազատ, գիտակից անհատի և քաղաքացու ձևավորումն է:

Խնդիրները՝

Վերը նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել կրթադաստիարակչական մի շարք կարևոր խնդիրներ.

  1. Սովորողներին տալ հնարավորություն ունենալ գիտելիքներ և պատկերացումներ հին, միջնադարի, նոր և նորագույն ժամանակների հայոց և համաշխարհային պատմության մասին, որոնց միջոցով կձևավորվի և կամրապնդվի ազատության, անկախության, պետականության ստեղծման և ամրապնդման համար պայքարին սեփական մասնակցությունը բերելու գաղափարը:

  2. Գաղափար տալ հայ և համաշխարհային մշակույթի, քաղաքակրթության, նրա առանձնացման ու զարգացման օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ:

  3. Դաստիարակել հայրենասիրություն, ձևավորել հայրենիքի, պետության և քաղաքացու նկատմամբ արժանապատվություն և հպարտություն:

  4. Հասնել այն բանին, որ իր ազգի հարուստ պատմական փորձով զինված Հայաստանի վաղվա քաղաքացին գիտակցի իր անմիջական մասնակցության անհրաժեշտությունը ազգային հիմնախնդիրների լուծման, անկախ պետականության կերտման, հայրենիքի բարգավաճման գործին:

  5. Զարգացնել սովորողների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցական, համագործակցային և ինքնուրույն գործունեության կարողություններն ու հմտությունները:

  6. Ձևավորել պատմական դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու, ընդհանրացնելու կարողություններ:

  7. Զարգացնել ուսումնառության ընթացքում սովորողների ստացած գիտելիքները և տեսական դրույթները պատմական կենդանի նյութի վրա կոնկրետացնելու, անցյալի ու ներկայի հասարակական-քաղաքական երևույթների վերլուծության ժամանակ կիրառելու կարողություններ և հմտություններ:

Բովանդակությունը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

Հայոց պատմություն

Մուտքի դաս– պատմության  միջնադարյան շրջանի բովանդակությունը, առանձնահատկությունները:

ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐ 

Ավատատիրության հաստատումը Հայաստանում: Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

-Ավատատիրության ձևավորումը,աստիճանակարգությունը: Ազատների և անազատների դասերը
-Պետական կառավարման համակարգը
-Տրդատ 3-րդ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ: Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն

Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար

-Խոսրով Կոտակ: Արշակ 2-րդ: Պապ թագավոր
-Մեծ Հայքի թագավորության թուլացումը: Խոսրով 4-րդ, Վռամշապուհ
-Թագավորության անկումը

Ազատագրական շարժումները 5-րդ դարում

-Վարդանանց պատերազմը
-Վահանանց պատերազմը

Հայաստանը 6-9-րդ դարերում

-Արևմտյան Հայաստանը 6-րդ դարում
-Արևելյան Հայաստանը 6-րդ դարում
-Արաբական արշավանքները և Հայաստանը: Հայաստանը Արաբական խալիֆայության կազմում
-Հակաարաբական ապստամբությունները /703թ., 774-775թթ., 850-855թթ/

Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում

-Մեսրոպ Մաշտոցը և հայոց այբուբենի ստեղծումը: Դպրոցը
-Պատմագրությունը: Փիլիսոփայությունը: Բնական գիտությունները
-Գրականությունը: Արվեստը և ճարտարապետությունը

Ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ /

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

 ԶԱՐԳԱՑԱԾ  ՄԻՋՆԱԴԱՐ

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

-Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին: Սմբատ 1-ին
-Երկրի անկախության ամրապնդումը և հզորացումը. Աշոտ 2-րդ Երկաթ, Աշոտ 3-րդ Ողորմած, Գագիկ 1-ին
-Անիի թագավորության թուլացումը և անկումը.Վասպուրականի, Կարսի, Սյունիքի և Լոռու թագավորությունները
-Պետական կառավարման համակարգը

Կիլիկյան Հայաստան

-Հայերը Կիլիկյայում: Ռուբինյան իշխանության առաջացումը և ամրապնդումը
-Թագավորության հռչակումը.Լևոն 1-ին
-Հեթումյան արքայատոհմի հաստատումը.Հեթում 1-ին
-Թագավորության թուլացումն ու անկումը
-Պետական կառավարման համակարգը

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում

-Կրթական գործը:Պատմագրությունը
-Իրավագիտությունը: Բնագիտությունը
-Արվեստը: Ճարտարապետությունը
Վ-աղ միջնադարի դպրոցը: Համալսարաններ

Ամփոփում

ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐ

Հայաստանը 15-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսերը

-Կաթողիկոսական աթոռի վերահաստատումը Էջմիածնում
-Թուրք-պարսկական պատերազմները և Հայաստանը
-Շահ Աբասը և հայերի բռնագաղթը
-Հայաստանի ազատագրության համար պայքարը

Հայկական մշակույթը (15-րդ դար- 17-րդ դարի 1-ին կես)

-Դպրոց
-Տպագրությունը: Հակող Մեղապարտ
Գիտությունը: Արվեստը

Ամփոփում

Համաշխարհային պատմություն

-Բյուզանդիայի Ոսկեդարը: Հուստինիանոս 1-ին
-Բյուզանդիայի վերելքը Մակեդոնական /Հայկական/ հարստության օրոք: Բարսեղ /Վասիլ/ 1-ին
-Կարոլինգների կայսրությունը: Կառլոս Մեծ
-Սրբազան Հռոմեական կայսրությունը /Գերմանիա/: Օտտոն 1-ին
-Հին Ռուսիա
-Խաչակրաց շարժումը
-Հարյուրամյա պատերազմը: Ժաննա Դ, Արկ
-Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը: Իվան 4-րդ Ահեղ
-Արաբական Խալիֆայությունը
-Հնդկաստանը, Չինաստանը և Ճապոնիան միջնադարում
-Աշխարհագրական Մեծ հայտնագործությունները
-Վերածնունդը և Ռեֆորմացիան
-Նոր Եվրոպայի ծնունդը

Կիսամյակի ամփոփում
Տարեկան աշխատանքների ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/