Պատմություն /7-րդ դասարան/

«Պատմություն» առարկայի ծրագիր (7-րդ դասարան)

Բացատրագիր

«Պատմություն» առարկայի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը:

7-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության միջնադարը:

Պատմությունը ժողովրդի հավաքական հիշողությունն է,նրա կենսագրությունը: Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովրդներից է, որը պատմական ասպարեզ է իջել անհիշելի ժամանակներից և անցել զարգացման բարդ և դժվարին, կորուստներով և ձեռքբերումներով լի ճանապարհ: Շարունակելով իր պատմական ուղին՝ հայ ժողովուրդը հասել է մինչև մեր օրերը և որպես ազգ ոտք է դրել արդեն նոր հազարամյակ՝ իր ազատությամբ, պետականությամբ և այն զորացնելու վճռականությամբ:

Հայոց պատմությունը պարունակում է հայրենասիրություն և ազգային արժանապատիվ գոյություն: Հայոց պատմության իմացությունը հնարավորություն է տալիս ՀՀ ապագա քաղաքացուն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու ժանաչողական հմտությունները, փորձը և անցյալի դասերը ծառայեցնել Հայաստանի հզորացմանը և բարգավաճմանը, պատկերացում կազմել համաշխարհային պատմության մեջ Հայաստանի և հայ ժողովրդի զբաղեցրած տեղի ու դերի մասին, զուգահեռներ անցկացնել հայ ու համաշխարհային քաղաքակրթության խաչմերուկում:

Հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում

Հայոց պատմությունը կազմում է համաշխարհային պատմության մի օղակը: Ուստի այն պետք է ուսումնասիրվի ընդհանուր պատմության հետ միասնության մեջ:

Այդ միասնությունը կարելի է ապահովել.
-միևնույն դարաշրջանի պատմական դեպքերի ու երևույթների համաժամանակյա ուսուցման միջոցով
-ընդհանուր պատմական հասկացությունների և գաղափարների յուրացման միջոցով
-համաշխարհային դեպքերի և իրադարձությունների միացյալ ուսումնասիրության միջոցով
-ներածական, ընդհանրացնող և ամփոփիչ կրկնությունների միջոցով:

Պատմական երկու դասընթացների կապն ու հիմնական գծերի համեմատումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու գիտելիքների ամբողջական համակարգ համաշխարհային պատմության վերաբերյալ, պարզելու մարդկության պատմության ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները, որոշելու մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ, նրա ավանդը մարդկային քաղաքակրթության ստեղծման և զարգացման գործում:

«Պատմություն» առարկայի ուսուցման նպատակները և խնդիրները

Նպատակները՝

  • «Պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգային գիտակցությամբ օժտված, համակողմանի զարգացած, լիարժեք դաստիարակություն ստացած, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող ազատ, գիտակից անհատի և քաղաքացու ձևավորումն է:

Խնդիրները՝

Վերը նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել կրթադաստիարակչական մի շարք կարևոր խնդիրներ.

  1. Սովորողներին տալ հնարավորություն ունենալ գիտելիքներ և պատկերացումներ հին, միջնադարի, նոր և նորագույն ժամանակների հայոց և համաշխարհային պատմության մասին, որոնց միջոցով կձևավորվի և կամրապնդվի ազատության, անկախության, պետականության ստեղծման և ամրապնդման համար պայքարին սեփական մասնակցությունը բերելու գաղափարը:
  2. Գաղափար տալ հայ և համաշխարհային մշակույթի, քաղաքակրթության, նրա առանձնացման ու զարգացման օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ:
  3. Դաստիարակել հայրենասիրություն, ձևավորել հայրենիքի, պետության և քաղաքացու նկատմամբ արժանապատվություն և հպարտություն:
  4. Հասնել այն բանին, որ իր ազգի հարուստ պատմական փորձով զինված Հայաստանի վաղվա քաղաքացին գիտակցի իր անմիջական մասնակցության անհրաժեշտությունը ազգային հիմնախնդիրների լուծման, անկախ պետականության կերտման, հայրենիքի բարգավաճման գործին:
  5. Զարգացնել սովորողների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցական, համագործակցային և ինքնուրույն գործունեության կարողություններն ու հմտությունները:
  6. Ձևավորել պատմական դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու, ընդհանրացնելու կարողություններ:
  7. Զարգացնել ուսումնառության ընթացքում սովորողների ստացած գիտելիքները և տեսական դրույթները պատմական կենդանի նյութի վրա կոնկրետացնելու, անցյալի ու ներկայի հասարակական-քաղաքական երևույթների վերլուծության ժամանակ կիրառելու կարողություններ և հմտություններ:

Բովանդակությունը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

Հայոց պատմություն

Մուտքի դաս– Պատմության  միջնադարյան շրջանի բովանդակությունը, առանձնահատկությունները.

ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐ 

-Ավատատիրության հաստատումը Հայաստանում: Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
-Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար
-Ազատագրական շարժումները 5-րդ դարում
-Հայաստանը 6-9-րդ դարերում
-Արաբական արշավանքները և Հայաստանը: Հայաստանը Արաբական խալիֆայության կազմում:Հակաարաբական ապստամբությունները
-Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում

Ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ /

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

 ԶԱՐԳԱՑԱԾ  ՄԻՋՆԱԴԱՐ

-Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը
-Կիլիկյան Հայաստան
-Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում

Ամփոփում

ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐ

-Հայաստանը 15-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսերը
-Հայկական մշակույթը (15-րդ դար- 17-րդ դարի 1-ին կես)

Ամփոփում

Համաշխարհային պատմություն

-Բյուզանդիայի Ոսկեդարը: Հուստինիանոս 1-ին
-Բյուզանդիայի վերելքը Մակեդոնական /Հայկական/ հարստության օրոք: Բարսեղ /Վասիլ/ 1-ին
-Կարոլինգների կայսրությունը: Կառլոս Մեծ
-Սրբազան Հռոմեական կայսրությունը /Գերմանիա/: Օտտոն 1-ին
-Հին Ռուսիա
-Խաչակրաց շարժումը
-Հարյուրամյա պատերազմը: Ժաննա Դ, Արկ
-Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը: Իվան 4-րդ Ահեղ
-Արաբական Խալիֆայությունը
-Հնդկաստանը, Չինաստանը և Ճապոնիան միջնադարում
-Աշխարհագրական Մեծ հայտնագործությունները
-Վերածնունդը և Ռեֆորմացիան
-Նոր Եվրոպայի ծնունդը

Կիսամյակի ամփոփում
Տարեկան աշխատանքների ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/