«Պատմություն»-9-րդ դաս.

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ-9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ

9-րդ դասարանի «Պատմություն» առարկայի  ծրագրի մշակման համար հիմք են ծառայել ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը:

9-րդ դասարանում դասավանդվող «Պատմություն» դասընթացը կազմված է երկու մասից: Առաջին հատվածը ներառում է պատմական մի ժամանակաշրջան, որն ընդգրկում է 1918թ.-ից մինչ մեր օրերն ընկած իրադարձությունները:
Երկրորդ մասը ներառում է նախապատրաստություն ավարտական քննություններին: Ըստ այդմ, «Պատմություն» դասընթացի առաջադրանքները բխում են ներկայացված հայեցակարգից:

Նպատակը՝
«Պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգային ինքնագիտակցություն,  պատասխանատվություն,  անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական և քննական մոտեցում ունեցող հայ քաղաքացու ձևավորումն է:

Հիմնական խնդիրները՝
-սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացման համար պայմանների ապահովում
-սովորողների քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացում
-անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
-սովորողների համագործակցային կարողությունների զարգացում
-իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտությունների զարգացում
-ինքնակրթության միջավայրի ստեղծում
-համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
-նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողությունների զարգացում
-համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու  կարողությունների զարգացում
-տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում.

Ուսուցման կազմակերպումը՝
-Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով
-Ուսումնական պարապմունքի թեման և ծրագիրը հրապարակվում են յուրաքանչյուր շաբաթվա սկզբում
-Մեծ տեղ է տրվում բանավոր աշխատանքին. սովորողը պետք է կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, ազատ արտահայտել իր մտքերը, խոսել գրագետ
-Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում
-Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում-ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, որոնք տեսանելի են դառնում սովորողի ուսումնական բլոգում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է
-Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողը կարող է օգտագործել դասագիրք, ուսումնական բլոգ, տարբեր ուսումնական կայքեր, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն
-Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձանարելիս ուսուցիչը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակություններն ու նախասիրությունները

Ուսումնական միջավայր՝
Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ոչ միայն դասարանը, այլև թանգարանը, համայնքը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրերը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն․

Բլոգավարություն՝
Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
-սովորողի կողմից կատարված առաջադրանքները
-սովորողի պատրաստած նյութերը՝ պատումներ, վերլուծություններ, ֆիլմեր, հարցազրույցներ
-անհատական-հետազոտական աշխատանքներ
-անհատական նախագծերի արդյունքներ և այլն
-սովորողը բլոգում պետք է հնարավորինս գրագետ ներկայացնի վերը նշված աշխատանքները
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ․

Սովորողի ստուգման և գնահատման կարգ՝
Գնահատումն իրականացվում է միավորային համակարգի կիրառման արդյունքում սովորողի կուտակած միավորների թվային գումարի միջինի հիման վրա:

Առավելագույն 10 միավորը սովորողները ձեռք են բերում հետևյալ սկզբունքով`
1.Կիսամյակային լիարժեք հաճախում՝ 1 միավոր
2. Բանավոր և գրավոր /բլոգային/ պատասխաններ,  ուսումնական  նյութերի  և փաթեթների ստեղծում ևներկայացում՝ 4 միավոր
3. Մասնակցություն ուսումնական նախագծերին՝ 1 միավոր
4. Ուսումնահետազոտական աշխատանքներ՝ 2 միավոր
5. Մասնակցություն ուսումնահայրենագիտական ճամփորդություններին՝ 1 միավոր
6. Մասնակցություն ֆլեշմոբերին՝ 1 միավոր
Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ

Բովանդակություն՝

Մաս առաջին.
1. Հայաստանի Առաջին Հանրապետության կայացումը և Բաթումի պայմանագիրը: Իշխանության մարմինների կայացումը /2 ժամ/
2. Հայաստանի Հանրապետության ներքին դրությունը. սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը /2 ժամ/
3. Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը: Հարաբերությունները հարևանների հետ և տարածքային խնդիրներ /2 ժամ/
4. Փարիզի խաղաղության կոնֆերանսը: Սևրի պայմանագիրը և Վերսալ-Վաշինգոտնյան համակարգի կայացումը /2 ժամ/
5. Հայաստանի Հանրապետության անկումը: Թուրք-հայկական պատերազմը և հայ-ռուսական հարաբերությունները: Տարածաշրջանային խնդիրները բոլշևիկյան հեղաշրջումից հետո /3 ժամ/
6. Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում: Երկրի ներքին դրությունը և խորհրդային կառավարման համակարգերը /2 ժամ/
7. ՀԽՍՀ ստեղծումը ԽՍՀՄ կազմավորման շրջանակներում: Սահմանադրության ընդունումը /2 ժամ/
8. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /2 ժամ/
9. Հասարակական-քաղաքական կյանքը: Քաղաքական բռնությունները և Խորհրդային ամբողջատիրության հաստատումը: Անհատի պաշտամունք /3 ժամ/
10. Ֆաշիզմ և կոմունիզմ: Երկու հակադիր բևեռների ձևավորումը /1 ժամ/
11. Երկրորդ Համաշխահրային պատերազմ: Հայերի մասնակցությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմին /2 ժամ/
12. Խորհրդային Հայաստանի մշակույթը /1 ժամ/
13. Երկրորդ աշխարհամարտի ավարտ: Նոր աշխարհակարգի հաստատում /2 ժամ/
14. Հասարակական-քաղաքական կյանքը հետստալինյան ժամանակաշրջանում: Ազգային հարցի վերաբացումը /2 ժամ/
15. Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը /2 ժամ/
16. Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացը և Անկախության հռչակումը /2 ժամ/
17. Արցախյան պատերազմը և հարաբերությունները հարևանների հետ /2 ժամ/
18. Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը 1991-2016թթ /2 ժամ/

Ներկայացված առաջդրանքներից զատ, սովորողները կատարում են անհատական-խմբային նախագծային աշխատանք: Նախագծային և անհատական աշխատանքների թեմաները կարող են առաջարկվել ինչպես սովորողի, այնպես էլ դասավանդողի կողմից: Յուրաքանչյուր ամսվա վերջին դասի օրը, սովորղները ներկայացնում են իրենց նախագծային աշխատանքները:

Մաս երկրորդ.
Երկրորդ մասը կազմակերպվում է ըստ քննական հարցաշարերի /նախաքննական պատրաստություն/։