Պատմություն /9-րդ դասարան/

9-րդ դասարանի <<Պատմություն>> առարկայի հեղինակային ծրագիր
Շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ

Իրավիճակի նկարագրություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, ուստի կրթահամալիրում «Պատմություն» դասընթացը դասավանդվում է՝ հիմքում ունենալով հետևյալը .

  • Հանրակրթության պետական չափորոշիչը
  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ միայն տարեթվերի և իրադարձությունների պատմության ուսուցումը հաճախ պատճառ է դառնում, որ սովորողները երես թեքեն պատմություն առարկայից, դրսևորեն ոչ մեծ հետաքրքրվածություն առարկայի հանդեպ: Սովորողները դժվարանում են սովորածը մտապահել և դրա վերաբերյալ որևէ դատողություն անել, պատմությունը սովորողի համար դառնում է թվականների ու անունների շարան: Հետևաբար մեր դրած նպատակը՝ պատմության ուսուցման միջոցով սեփական ինքնությունը պահպանելու նպատակը իրականացվում է ոչ լիարժեք, մասնակիորեն:

Ժամանակն է վերանայել պատմություն առարկայի դասավանդման ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու մոտեցումները, դուրս գալ թվականների ու անունների շարանի մեթոդիկայից, այն դարձնել ավելի արդիական, իրատեսական, իրականանալի՝ առանց ավելորդ ձևականությունների և ստանդարտների:

Շատ կարևոր է, որ պատմության դասավանդման ընթացքում օգնենք սովորողներին քննել պատմությունը և բանավիճել դրա շուրջ, հասկանան, թե ինչ են սովորում  և ինչու են սովորում:

Նպատակներ

  • Սովորողների մոտ առաջացնել և զարգացնել պատմության հանդեպ սեր, հետաքրքրվածություն և սովորելու ցանկություն
  • Սովորողների մոտ մեծացնել ինքնաճանաչման, ազգի ճանաչման, հայ և համախարհային իրականության ճանաչման ձգտումը
  • Ձևավորել գիտակից և պատասխանատու քաղաքացի

Խնդիրներ

  • Զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը, հետազոտելու, աղբյուրների հետ աշխատելու, հաղորդակցվելու, վերլուծելու, գնահատելու,
    հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական
    տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ
    կայացնելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների համագործակցային հմտությունները
  • Նպաստել սովորողների՝ նախագծային գործունեության հետևողական իրականացման կարողությունները
  • Զարգացնել սովորողների մտային և կամային կարողությունները
  • Կազմակերպել հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ, ովքեր որոշ թեմաներում ավելի տեղեկացված և մասնագիտացված են
  • Սովորողների մոտ ձևավորել վերաբերմունք սեփական պատմության, պետության, մշակույթի և ապագայի հանդեպ

Կազմակերպումը

  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը
  • Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից և հասարակագիտական լաբորատորիայի օրացույցից, ինչպես նաև հասարակագիտական ստուգատեսի օրացույցից բխող ուսումնական նախագծերի միջոցով
  • Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով
  • Ուսումնահայրենագիտական  ճամփորդությունների միջոցով
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ, սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է իր ուսումնական բլոգում, հաջողված աշխատանքները հրապարակվում են նաև ենթակայքերում, կրթահամալիրի գլխավոր կայքում
  • Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են, որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել
  • Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում  է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր, այլ
  • Կազմակերպվում-իրականացվում են հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ՝ միտված սովորողների մասնագիտական կողմնորոշմանը
  • կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում
  • Ուսուցման ընթացքում, որպես  ուսուցման աղբյուր, օգտագործվում են էլեկտրոնային դասագրքեր, տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…

Ուսումնական միջավայր 

  • դասասենյակ
  • գրադարան, ընթերցասրահ
  • թանգարան
  • հայրենագիտական ճամփորդություններ
  • պատմամշակութային վայրեր

Ուսումնական պարապմունքի ձևեր

  • դաս-դասախոսություններ
  • բանավոր հարցում
  • հրավիրյալ մասնագետների հետ քննարկումներ
  • ուսումնական պարապմունքներ պատմամշակութային վայրերում
  • ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություններ
  • ֆիլմերի դիտում-քննարկում
  • բանավեճերի կազմակերպում-իրականացում
  • նախագծային աշխատանքների իրականացում

Բլոգը՝ ուսումնական հարթակ

Յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր ուսումնական բլոգը՝ սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին համապատասխան, բլոգում պետք է պարտադիր առկա լինի «Պատմություն» բաժինը, որտեղ տեսանելի լինեն հետևյալ կետերը՝

  • սովորողի կողմից կատարված առաջադրանքները
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ, այլ
  • ուսումնահայրենագիտական ճամփորդությունների արդյունքներն ամփոփող պատումները
  • իրականացված նախագծերի արդյունքները
  • այլ

Բովանդակություն

  1. Մուտքի դաս-Պատմության նորագույն շրջանի ընդհանուր նկարագիրը /1 դասաժամ/
  2. Առաջին համաշխարհային պատերազմ՝ պատճառներ, հիմնական իրադարձություններ, ավարտ-հետևանքներ /3 դասաժամ/
  3. Հայոց ցեղասպանություն՝ պատճառներ, հիմնական իրադարձություններ, հետևանքներ, պայքար ցեղասպանության հետևանքները վերացնելու և նոր ցեղասպանությունները կանխելու համար /4 դասաժամ/
  4. Մայիսյան հերոսամարտեր՝ Սարդարապատի ճակատամարտը, Բաշ Ապարանի ճակատամարտը,  Ղարաքիլիսայի ճակատամարտը /2 դասաժամ/
  5. Առաջին հանրապետություն /2 դասաժամ/
  6. Առաջին հանրապետությանը վերաբերող միջազգային փաստաթղթերը /2 դասաժամ/
  7. Խորհրդային Հայաստան /4 դասաժամ/
  8. Խորհրդային Հայաստանին վերաբերող միջազգային փաստաթղթերը /2 դասաժամ/
  9. Երկրորդ համաշխարհային պատերազմ: Հայրենական Մեծ պատերազմ /4 դասաժամ/
  10. Աշխարհը Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո մինչև այսօր /3 դասաժամ/
  11. ԽՍՀՄ փլուզում՝ արդյո՞ք անխուսափելի էր ԽՍՀՄ փլուզումը-բանավեճ /2 դասաժամ/
  12. Արցախյան ազատագրական պատերազմ /3 դասաժամ/
  13. Ապրիլյան քառօրյա պատերազմ /2 դասաժամ/
  14. Արցախյան 44-օրյա պատերազմ /2 դասաժամ/
  15. Արցախյան երեք պատերազմների համեմատություն-քննարկում /1 դասաժամ/
  16. 1990, օգոստոսի 23` Անկախության հռչակագիր, Հայաստանն անկախության ճանապարհին /2 դասաժամ/
  17. Հայաստանի երրորդ հանրապետությունը 1991-2018 թվականներին /3 դասաժամ/
  18. Հայաստանի երրորդ հանրապետությունը 2018-2021 թվականներին /2 դասաժամ/
  19. Հայաստանի երրոդ հանրապետությանը վերաբերող միջազգային փաստաթղթերը /3 դասաժամ/
  20. Նախաքննական կրկնություն /10 դասաժամ/

Պարզաբանում`
Ողջ ուսումնական տարվա ընթացքում իրականացվում է նախաքննական պատրաստություն անհատական և խմբային աշխատանքների տեսքով:

Գնահատում

  • Բլոգային աշխատանք-4 միավոր
  • Աշխատանքի բանավոր ներկայացում-4 միավոր
  • Նախագծային աշխատանք-1 միավոր
  • Ինքնուրույն /անհատական/ աշխատանք 1 միավոր