Ճամփորդապատում մարդկայնության մասին

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում  մարտի 26-28-ը հետազոտական վարժարանի սովորողների և դասավանդողների մի խմբով «Ուսումնահայրենագիտական, կրթական փոխանակումներով ճամփորդություն» նախագծով Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում էինք՝  Ներքին Բազմաբերդ–Պարտիզակ–Թալին–Ներքին Թալին /Դաշտադեմի ամրոց/ բնակավայրերում։

Այս պատումի մեջ ոչ թե ուղղակի կշարադրեմ այն նախաձեռնությունները, որոնք իրականացրել ենք Սասունցիական բնակավայրերում, այլ կխոսեմ մարդկայնության, մարդկային մաքուր, շիտակ հարաբերությունների մասին, որոնց հանդիպեցինք մասնավորապես Սասունցիական Պարտիզակ և Ներքին Բազմաբերդ գյուղերում։

Առաջին օրը եղանք Ներքին Բազմաբերդ գյուղում, որտեղ մեզ դիմավորեց գյուղի վարչակազմի աշխատակցուհի, իմ լավ բարեկամ Մարո Հովհաննիսյանը։ Բազմաբերդցիների հետ միասին նախ շրջեցինք գյուղի մշակույթի տանը, շփվեցինք, զրուցեցինք աշխատակիցների հետ, պարային խմբի սաների հետ, գյուղի տարեցների հետ, ովքեր ունեն իրենց անկյունը նարդի ու շաշկի խաղալու համար․․․հետաքրքիր միջավայր էր, Բազմաբերդում մշակութային կյանքն ակտիվ է, ինչը հայաստանյան ոչ բոլոր գյուղերում կարելի է տեսնել։ Ամենուր հնչում էր Սասնո բարբառը, ազգագրական երգն ու պարը, սասունցիական հումորը, մարդիկ՝ աշխատող, արարող, ստեղծագործ, միասնական, համերաշխ․․․ամեն ինչ ոգևորող էր։

Մշակույթի տան աշխույժ մթնոլորտից ոգեշնչված բազմաբերդցի դպրոցականների հետ միասին քայլեցինք գյուղի դպրոց, որտեղ մեզ դիմավորեց տնօրեն Անդրանիկ Պետրոսյանը, ով մանրամասն ներկայացրեց գյուղի և դպրոցի հիմնադրման պատմությունը։ Այնուհետև մեզ միացան դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, որոնց հետ միասին հավաքվեցինք մի լսարանում, որտեղ կրթահամալիրի հետազոտական վարժարանի սովորողներ Նարե Բաբուջյանը և Յուրի Հյուսյանը ներկայացրին հետազոտական աշխատանքի իրականացումը կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանում և համայնքային զարգացման կրթական ծրագիր, որի նպատակն է բացահայտել համայնքի երիտասարդության ներուժը իրենց բնակավայրը բարելավելու գործում։

Մեզ համար այստեղից սկսվեց մեր հիացմունքը Սասնո ժառանգների մարդկայնությամբ, երբ դպրոցի ճաշարանում սեղան փռեցին բազմաբերդցիները, իրենց տներից բերված բարիքներով, սասունցիական երգ ու պարով, բարբառով համեմված․․․ամեն ինչի մեջ համ ու հոտ կար, լազաթ կար, սեր կար, մաքրություն կար, արժեքներ, որոնք այսօր խիստ պակասել են մեր իրականության մեջ։

Մի թող հետքերդ ձյուների վրա,
Նրանք հալվելու սովորություն ունեն,
Մի թող հետքերդ ժայռերի վրա,
Նրանք մոռանալու սովորություն ունեն:

Թող հետքերդ մայր հողի վրա,
Բոբիկ ոտքերով հպվիր նրան,
Քո էությունը լիցքավորիր
Ու եսդ մենքով վերածնիր:
Հեղ․՝ Աշոտ Տիգրանյան

Օրը սառն էր, բայց միջավայրը ջերմ, առատ ձյուն էր տեղում, իսկ դա չխանգարեց, որ գյուղի երիտասարդ վարչական ղեկավար Մանուկ Հազրոյանը սեբաստացի և բազմաբերդցի սովորողներին ուղեկցի գյուղի վերին մասում՝ բարձր բլրի վրա կանգնեցված խաչի մոտ։ Ինչպես Մանուկն է նշում իր խոսքում՝ «պատանիները պետք է նաև դժվարություն ու փորձություն հաղթահարեն, մրսեն, սոված մնան, գետնին քնեն, որ պատրաստ լինեն կյանքի մարտահրավերները հաղթահարելուն»։

Օրը Ներքին Բազմաբերդում վայելելուց հետո շարժվեցինք դեպի Պարտիզակ /Շերամ/ գյուղ, որտեղ էլ մեր գիշերակացն էր․․․գյուղական մի տուն, որի դռները սիրով էին բացել մեր առաջ, վառարանը՝ տաք, թոնիրը /թունդիրը/՝ վառ, մարդկանց սիրտը՝ բաց․․․սրան եմ ես անվանում մարդկայնություն։

«Բարովիք էկել մըր կեղ»․․․պարտիզակցիները այսպես էին ողջունում մեզ։

Պարտիզակ փոքրիկ գյուղում բոլորը գիտեին, որ մայրաքաղաքից հյուրեր են եկել գյուղ, գրեթե բոլորը պատրաստվել էին մեզ պատշաճ ընդունելու համար՝ սկսած գյուղի երիտասարդ վարչական ղեկավար, լավ մարդ Արամ Պետրոսյանից, դպրոցի տնօրեն, իր ղեկավարած մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվները համերաշխ պահող Արայիկ Շեկիկյանից, իսկակական սասունցիական ոգու կրող, իրական հայրենասեր մարդ Սասուն Հարությունյանից մինչև պարտիզակցի պատանիներ, երիտասարդներ, հարսներ ու կանայք։ Երեկոյան մեր կացարանում հավաքվեցին դպրոցի ավագ դասարանների սովորողներ, ծնողներ՝ սինիները ձեռքներին, եկել էին հյուրասիրելու մեզ։ Մարդիկ ամեն ինչ անում էին, որ մեզ լավ զգանք, արտերկրում բնակվող տանտիրոջ երկու թոռները ամբողջ գիշեր հերթափոխով են քնել, որպեսզի վառարանը տաք պահեն, հյուրերը չմրսեն․․․սրան եմ ես անվանում մարդկայնություն։

Պարտիզակյան ներշնչանք

Լսո՞ւմ ես հողի զարկերակը,
Նա, ինչպես իմ սիրտը, շտապում է,
Միթե՞ պատմությունը ավարտվում է,
Եվ մենք տեսնելու ենք վերջակետը:

Այստեղ ամեն քայլ արմատներ են,
Մեր պարն այս հողը դեռ կրում է,
Մեր երգն այս երկինքը դեռ լսում է,
Օհանի ձայնը դեռ հնչում է,
Դավիթը Սասունում ծնվում է,
Օրորոցն հայոց կրկին օրորվում է:

Լսո՞ւմ ես հողի զարկերակը,
Նա ինձ ու քեզ կանչում է:
Հեղ․՝ Աշոտ Տիգրանյան

Ճամփորդական երկրորդ օրը Պարտիզակում ամբողջովին ազգագրական էր՝ թոնրով հաց թխել, թոնրի գաթա, Սասնո երգ ու պար, թոնրի խորոված, հավաքվել էին գյուղի տարեց մայրերը՝ Թամար, Խամիկ, Աիդա մայրիկները, եզդիական համայնքի ներկայացուցիչ Զալխե մայրիկը, ովքեր էլ կազմակերպեցին ծիսական հացթխելու գեղեցիկ արարողությունը։ Սեբաստացիների համար այս ամենն իսկական վայելք էր, ամենուր հյուրասիրություն, ամենուր ազգագրություն, համ ու հոտ, լազաթ կար ամեն ինչի մեջ․․․սրան եմ ես անվանում մարդկայնություն։

Հագեցած ազգագրական օրն ավարտվեց գյուղի հանդիսությունների սրահում, որտեղ պարտիզակցիները կազմակերպել էին սասունցիական ավանդական, ծիսական հյուրասիրություն․շշմելու պահ, զարմանալի մարդիկ, բարությունն ու մարդկայնությունը, միասնությունն ու համերաշխությունը թափվում էր յուրաքանչյուրից, միասնություն կար անգամ նրանց պարերի մեջ՝ միասին պարում էին տարեցները, երիտասարդները, երեխաները, կանայք ու տղամարդիկ․․․այս ամենն ինչպե՞ս չանվանես մարդկայնություն․․․այս փոքրիկ գյուղից մենք շատ բան ունենք սովորելու։

Արևը լքել է մեր երկինքը,
Բայց իմ հոգում վառվում է այն,
Պարտիզա´կ, էություն հայկյան,
Նոր Նժդեհի ծննդավայր:

Ի հեճուկս նյութապաշտ մարդկանց,
Սասնա ոգով է ներծծված այստեղ ամեն քար,
Դավիթ է այստեղ ամեն այր,
Խանդութ` յուրաքանչյուր գեղեցիկ էակ:
Հեղ․՝ Աշոտ Տիգրանյան

Ճամփորդական երրորդ օրը նույնպես անցկացրինք Պարտիզակում։ Առավոտյան նախաճաշից հետո սովորողները պարտիզակցի դպրոցականների հետ միասին քայլեցին գյուղում, թափառեցին գյուղի հանդերում, միասին վայելեցին գարնանային արևոտ օրը, միմյանց հետ ավելի մերվեցին, իրար ավելի լավ ճանաչեցին, պատանիներն այնքա՜ն մտերմացան, որ չէին ուզում բաժանվել իրարից։ Միմյանց հրաժեշտ տվեցինք՝ փոխադարձ շնորհակալությամբ, երախտիքի խոսքերով և առաջիկայում կրթահամալիրում պարտիզակցի ու բազմաբերդցի սովորողներին կրկին հյուրընկալելու պայմանավորվածությամբ։

Ինչո՞ւ չեմ ուզում գնալ:
Հոգիս կապվել է քարիդ:
Արարչի արարած դրախտ`
Ազատ նախածին մեղքից:

Լռությանդ երգն եմ լսում,
Մարդկայնության ջրվեժ,
Պարտիզա´կ, քեզ երգ եմ հյուսում
Վահագնի կամքով` հավերժ:

Ինչո՞ւ չեմ ուզում գնալ:
Արդեն կարոտում եմ եսիդ,
Թող հացդ աչքերս բռնի,
Եթե մոռանամ ոգիդ:
Հեղ․՝ Աշոտ Տիգրանյան

Վերադարձը Երևան Աշտարակով էր՝ կանգառներ ունենալով Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներում։

Սովորողների լուսաբանումները՝

Ֆեյսբուքյան լուսաբանումներ՝

Leave a comment