ԵՌՕՐՅԱ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ-ՍՅՈՒՆԻՔ

Հոկտեմբերի 6-8-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Վահրամ Թոքմաջյանի և 12-րդ դասարանի սովորողների հետ «Պատմության քառուղիներում» նախագծի շրջանակներում իրականացրեցինք ուսումնագիտական եռօրյա ճամփորդություն դեպի Սյունիք՝ Խնձորեսկ-Կոռնիձոր-Հալիձոր:

Նախ նշեմ, որ այս ճամփորդությունն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեցավ, քանի որ այն իմ առաջին ուսումնական ճամփորդությունն էր  կրթահամալիրի սովորողների հետ, որի ընթացքում ես հնարավորություն ունեցա նաև ավելի լավ ճանաչելու սովորողներին: dsc0407-1Ճամփորդության նպատակը «Դավիթ Բեկ» տեսադասի նկարահանումն էր: Ճանապարհին թեքվեցինք Սիսիանի տարածքում գտնվող Զորաց քարեր, ուսումնասիրեցինք այդ պատմամշակութային վայրը, այնուհետև շարժվեցինք դեպի Խնձորեսկ, որտեղ սովորողները կատարեցին նկարահանման առաջին մասը: Նկարահանումներ իրականցրեցինք Հին Խնձորեսկի քարանձավներում և ճոճվող կամրջի շրջակա տարածքում:

Նկարահանումներն ավարտելուց հետո շարժվեցինք դեպի իմ հայրենի գյուղ՝ Կոռնիձոր, որտեղ էլ գիշերեցինք բոլորս: Առավոտյան նախաճաշից հետո մենք շարժվեցինք դեպի Հալիձորի բերդ, որտեղ սովորողները կատարեցին նկարահանման երկրորդ մասը: Հալիձորից շարժվեցինք դեպի Վահանավանք, որով էլ ավարտեցինք երկրորդ հագեցած օրը և նորից սլացանք դեպի Կոռնիձոր՝ գիշերելու:

Երրորդ և վերջին օրը, առավոտյան նախաճաշից հետո, բոլորս իջանք հին Կոռնիձոր /հին գյուղատեղի/, եկեղեցի, որտեղ սովորողները ուսումնասիրեցին քարանձավները /որտեղ ժամանակին ապրել են հին կոռնիձորցիները/, նկարահանումներ իրականացրեցին հին գյուղում և լսեցին քարանձավների ու քարանձավային կյանքի մասին իրական պատմություններ:

Վերադարձի ճանապարհին այցելեցինք նաև Տաթևի վանք, որով էլ ավարտվեց մեր հետաքրքիր ճամփորդությունը Սյունիքում: 

Այս ճամփորդությունը ինձ համար անհրաժեշտ, ուսուցանող, ճանաչողական, համագործակցային, հետաքրքիր և արդյունավետ ուսումնական ճամփորդություն էր:

Leave a comment