ԵՌՕՐՅԱ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ /ԶԱՆԳԵԶՈՒՐ – ԿՈՌՆԻՁՈՐ/

Հոկտեմբերի 13-15-ը միջին և ավագ դպրոցի մի խումբ սովորողների, դասավանդողների և կազմակերպիչների հետ մեկնեցինք Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ՝ «Կոռնիձորն այսօր» նախագծով:
Կրթական փոխանակման ծրագրով այցելեցինք Կոռնիձորի Ազնիվ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները…կոռնիձորցի սովորողների հետ իրականացրեցին պարերգերի ուսուցում, մարզական խաղեր և այլ հետաքրքիր վարժություններ: Սեբաստացիները Կոռնիձորի դպրոցի սովորողներին և ուսուցիչներին հրավիրեցին կրթահամալիր, ովքեր սիրով ընդունեցին հրավերը:

Ճանաչողական այցով բոլորս միասին իջանք Կոռնիձոր և Տեղ գյուղերի միջև գտնվող «Սռի եղծի» փոքր մատուռ, իսկ այնտեղից էլ՝ Որոտանի վտակ Հագարի գետ՝ իրականացնելով «Գետը համայնքում» նախագիծը:

«Բռնադատվածները» նախագծով այցելեցինք գյուղից 1949թ. աքսորված երկու ընտանիքներին: Հարցազրույցներ վարեցինք Նիկոլայ Բաբայանի ժառանգների և բռնադատվածներ Վաղարշակ /94 տարեկան/ և Ռուբեն /85 տարեկան/ Դանիելյանների հետ: Վերջիններս 1949թ. հունիսի 14-ին աքսորված Մինաս Օհանյանի որդիներն են: Հարցազրույցները տևել են մոտ 7 ժամ:

Ճամբարի ամբողջ ընթացքը ուղեկցվեց երգ ու պարով, խաղերով, հետաքրքիր պատմություններ լսելով, նոր ծանոթություններով, ընկերությամբ, համագործակցությամբ և, իհարկե, գյուղացիների հյուրասիրություններով:

Leave a comment