ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ…ՕՇԱԿԱՆ…

«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻւՆ եւ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ…»

Դեկտեմբերի 5-ին միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ այցելեցինք Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և Հայոց խաչքար-տառերի պուրակ՝ նախագծային ուսուցման ամփոփման նպատակով, թեման՝ «Հայոց գրերի գյուտը, Մեսրոպ Մաշտոց-Ոսկեդար»:

Անցանք հետաքրքիր ճանապարհ,կոմիտասյան երգերի ուղեկցությամբ՝ Աննա Երիցյանի և սովորողների կատարմամբ: Սկզբում եղանք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ ես, որպես պատմության ուսուցիչ, ներկայացրեցի պատմական ակնարկ Օշականի և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մասին, ինչպես նաև խաչքար-տառերի ստեղծման մասին:

Այնուհետև սովորողները՝ Մաշտոցի դամբարանի մոտ ներկայացրեցին  Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, պատմեցին Մաշտոցի աշակերտ Կորյունի և նրա «Վարք Մաշտոցի» երկի մասին:

«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»…

Մաշտոցի դամբարանից դուրս եկանք և շրջեցինք խաչքար-տառերի պուրակում, որտեղ սովորողները ներկայացրեցին Հայոց գրերի ստեղծման պատմությունը, պատմեցին Մաշտոցի կողմից ստեղծված առաջին դպրոցների մասին, Աստվածաշնչի թարգմանության մասին՝ որպես «Թագուհի թարգմանչաց», ներկայացրեցին 5-րդ դարի պատմիչներին, մասնավորապես Պատմահայր Մովսես Խորենացուն ու նրա «Հայոց պատմություն»-ը, ինչպես նաև Ոսկեդարի հետ կապված այլ մանրամասներ:

Եղանք նաև Ամատունյաց տան մեծ իշխան Վահան Ամատունու գերեզմանաքարի մոտ, որտեղ ես սովորողներին պատմեցի Ամատունիներ հայ նախարարական տան, իշխան Վահան Ամատունու և հայոց զորավար Հմայակ Մամիկոնյանի կատարած սուրբ գործի մասին, որ հենց նրանք են Մաշտոցի աճյունը տեղափոխել Օշական և 443թ. նրա գերեզմանին կառուցել մատուռ:

Դաս-քննարկումը ընդմիջում էինք սովորողների և Աննա Երիցյանի կատարմամբ երգերով, ասմունքով և պարերգերով: Սովորողները կարդացին օշականցի նշանավոր մանկավարժ Հարություն Ստեփանյանի՝ Օշականին նվիրված բանաստեղծությունը.

  Դու Օշական անուշ անուն, դարերից ես դու մեզ նայում,

   Նվիրական քո սուրբ հողում, Մաշտոցին ես հավերժ պահում:

   Իմ Օշական, իմ Այգեստան, Ամատունյաց կանաչ ոստան,

   Հինավուրց հող, կանչող փարոս, դու հին ու նոր իմ Հայաստան…

Ամփոփելով մեր նախագծային ուսուցումը Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում՝ քայլեցինք Օշականի տարածքում, իջանք Քասախ գետի ափ, որտեղ իրականացրեցինք «Գետը Համայնքում» նախագիծը և դրանով էլ ավարտեցինք մեր հետաքրքիր օրը Օշականում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հանգստատեղիում:

«Հայոց աշխարհն ունի շատ վայրեր, որտեղ ապրելն ու աշխատելը մեծ պատիվ է: Բայց, անկասկած, Հայաստանի ամենապատվաբեր վայրը Օշականն է, Սուրբ Մաշտոցի հանգստատեղին»…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ…

Leave a comment