«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» նախագծի սկիզբ…

ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅՈւՆՆ ՍԿՍՎԱԾ Է…

Մարտի 6-ին Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ սկսեցինք «Հին Երևան» նախագծի շրջանակում Երևան քաղաքի հին թաղամասերի ուսումնասիրությունը: Նախագծի մեկնարկը սկսեցինք նախագծային խմբի հետ կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում սովորողները ներկայացրեցին տարբեր աղբյուրներից՝ իրենց կատարած ուսումնասիրությունները Հին Երևանի թաղամասերի վերաբերյալ: Առաջին այցելության համար ընտրեցինք Ձորագյուղ և Ղանթար հին թաղամասերը: Մայր դպրոցի բակից քաղաքային տրանսպորտով ուղևորվեցինք դեպի Քաղաքապետարանի տարածք՝ իջնելով մոտակա կանգառում: Կանգառից քայլեցինք դեպի Ս. Սարգիս եկեղեցի, որի դիմաց՝ ձորի մեջ, Հրազդան գետի ձախ ափին և Հաղթանակ կամրջի աջ կողմում նախկինում փռված էր Ձորագյուղը, որի տարածքն  այժմ վերածվել է աղբանոցի և թափառող շների կացարանի:

Նախկին Ձորագյուղի տարածքում գրավիչ ոչինչ չտեսնելով՝ մենք քայլեցինք առաջ՝ Հրազդանի ափով, որը նույնպես անմխիթաթ վիճակում էր, Հաղթանակ կամրջի տակով՝ ամենուր հանդիպելով աղբակույտերի, մինչև հասանք բնակելի թաղամաս, որը փռված է Հաղթանակ կամրջի ձախ կողմում: Տեսանք հին ու նոր, փոքր ու մեծ տներ, ամենքի բակում հաչող շներ, բակերում արդեն բողբոջած ծառեր, ձորափեշերն ամբողջությամբ կանաչած, Հրազդանի քչքչոցը…մի խոսքով՝ իսկական գարուն: Մի հին տան այգում աչքս իսկույն տեսավ հավաբունը, որը գրավեց նաև սովորողների ուշադրությունը, և ես մի պահ ինձ պատկերացրեցի մեր գյուղում…արդեն գարուն է, այգիներում աշխատանքներն սկսված, գարնանային նվազ, բայց դուրեկան ջերմությամբ արևով…

Երբ սովորողները տարվել էին հավերի կրչկրչոցով, շների հաչոցով և զարթոնք ապրող բնության տեսարանով, հին տնից դուրս եկավ մի կին, ով մոտեցավ մեզ և սկսեց հարց ու փորձ անել՝ թե ովքեր ենք, որտեղից ենք եկել, ինչ ենք ուզում….Մենք ներկայացանք, ներկայացրեցինք մեր այցի նպատակը, որից հետո նա մեզ պատմեց այն ամենը, ինչ գիտեր և հիշում էր Ձորագյուղի մասին: Տիկինը նշեց, որ իրենց բնակավայրը կոչվում է «Իսակովի թաղամաս», որտեղ կան հին ու նոր տներ՝ հին ու նոր մարդկանցով:
Շարունակելով մեր քայլքը՝ իջանք փողոցը և հանդիպեցինք երեք մեծ կանանց, ավելի ճիշտ՝տատիկների, ովքեր նույնպես հին բնակիչներից էին, և պատմեցին հետաքրքիր պատմություններ իրենց թաղամասի և Ձորագյուղի մասին: Նրանք նշեցին, որ Ձորագյուղում «մեկի կտուրը մյուսի կտուրի վրա էր, տները միմյանց կպած, բայց մարդիկ իրար հետ ջերմ, հաշտ ու խաղաղ, իրենք իրենց կյանքով…Իսկ այսօ՞ր»…

Կանանցից մեկը էտում էր ծիրանենին, և նա հաճույքով բացատրեց սովորողներին էտի մանրամասները, իր ծաղկանոցի ստեղծման պատմությունը և այլ հետաքրքիր պատմություններ: Սակայն կանայք չմոռացան նաև իրենց հուզող խնդիրների մասին…Երբ մենք հարցրեցինք, թե ինչ խնդիրներ կան իրենց թաղամասում, նրանք առաջինը նշեցին խանութի բացակայությունը իրենց տարածքում: Ասում են, որ նույնիսկ մի հացի համար իրենք ստիպված են անցնել բավականին երկար ճանապարհ՝ մինչև փակ շուկայի տարածք, խանութից օգտվելու համար: Այդպիսի խնդիր է  նաև դեղատան  բացակայությունը…ու էլի շատ խնդիրներ: Սակայն այդքան խնդիրների կողքին նրանք նշեցին, որ հարևաններով ապրում են ջերմ ու համերաշխ ձևով, որն արդեն վերածվել է բարեկամական հարաբերությունների:

Մեծերի հետ հետաքրքիր զրույցից հետո, մենք բարձրացանք ձորից և քայլեցինք դեպի փակ շուկայի տարածք, որտեղ, ըստ սովորողների ուսումնասիրության և մեր իմացած տվյալների, գտնվել է Հին Երևանի Ղանթար թաղամասը: Փակ շուկայի մոտ մենք հարցրեցինք մարդկանց Ղանթարի մասին, սակայն նրանցից շատերը նշում էին, որ լսել են Ղանթարի մասին, բայց տեղն ասել չկարողացան, ոմանք ասացին, որ փակ շուկայի դիմացի տարածքում է եղել, բայց էլի կոնկրետ բան չասացին գտնվելու վայրի մասին: Հանկարծ կողքից մի քաղաքացի լսում է մարդկանց հետ մեր զրույցը և, միջամտելով, մեզ ցույց է տալիս Ղանթարի տեղը՝ նախկին Կիրովի այգին, իսկ այժմ՝ Երևանի Կոմայգին, որտեղ էլ նախկինում եղել է Ղանթարը:

Այդտեղից մենք քայլեցինք դեպի նշված տարածք, որտեղ մի քիչ քայլելուց հետո հանդիպեցինք էլի հին մարդկանց, ովքեր սիրով լսեցին մեզ և պատմեցին ոչ միայն Ղանթարի մասին, այլև Հին Երևանի հետաքրքիր կյանքի մասին՝ համեմատելով այսօրվա ոչ նպաստավոր կյանքի հետ: Նրանք, պատմելով Ղանթարի մասին, նշեցին, որ այն եղել է շուկա, որտեղ պարսիկ և թուրք վաճառականներն իրենց ուղտերով եկել են Ղանթար /շուկա/ առ ու ծախ անելու: Նաև ավելացրեցին, որ այնտեղ եղել է մի մեծ կշեռք, որից էլ առաջացել է Ղանթար անունը, այսինքն՝ Ղանթար նշանակում է կշեռք: Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Ղանթարը քանդվելուց հետո, դրա տարածքում 1940 թվականից սկսած մարդիկ ծառեր են տնկել և դարձրել այգի:
Քանի որ Ղանթարը գտնվել է Կապույտ մզկիթի հարևանությամբ, մենք եղանք նաև այնտեղ, որտեղ աշխատակցուհին՝ տիկին Հակոբյանը մեզ պատմեց 260 տարվա պատմություն ունեցող մուսուլմանական կենտրոնի մասին:

Ավարտեցինք մեր առաջին քայլքը Հին Երևանի հետքերով, որը շարունակական կլինի, որպեսզի կարողանանք տեսնել  մեր 2800-ամյա մայրաքաղաքը հնում և այսօր…

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՈւՄՆԵՐԸ՝

Ռադիոնյութը՝
Քրիստինե Զախարյանի, Վրեժուհի Խաչիկյանի-
 այստեղ… 

Ռիմա Սիմոնյան
Գևորգ Մխեյան
Կարեն Հարությունյան
Սուսաննա Հովհաննիսյան
Էդուարդ Ջահանգիրյան

Ի՞նչ պարզեցինք՝

  • Ձորագյուղ– Մեր այցի և մարդկանց հետ ունեցած զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ձորագյուղը Հին Երևանի թաղամասերից է եղել, գտնվել է Հրազդան գետի ձախափնյա մասում՝ փռված այն ձորափեշերին, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր: Այսօր Ձորագյուղից ոչինչ չի մնացել, բնակիչները տեղափոխվել են նոր բնակավայրեր 1980- ական թթ., քանի որ, ինչպես հարևանությամբ գտնվող Իսակովի թաղամասի բնակիչներն են նշում, հաճախակի սելավների պատճառով տները լցվում էին ջրով՝ անհնարին դարձնելով մարդկանց ապրելը այստեղ: Ձորագյուղի տարածքում այսօր, ցավոք, կարող եք տեսնել աղբակույտեր և թափառող շներ:

  • Ղանթար– Մարդկանց հետ զրուցելով՝ պարզեցինք, որ Ղանթարը եղել է Հին Երևանի շուկան, որի տեղում այժմ Երևանի Կոմայգին է: Այն պարսկական տիրապետության շրջանում կոչվել է «Ղանթար»՝ «շուկայի մեծ կշեռք»: Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ «ղանթարը», որով կատարվում էր քաղաքի մեծածախ առևտուրը: Այսօր Ղանթարից նույնպես ոչինչ չի մնացել, սակայն, ի տարբերություն Ձորագյուղի, Ղանթարի տարածքում այսօր ծառեր են՝ նախկին Կիրովի այգին, իսկ այսօր՝ Կոմայգին..

     

Leave a comment