Ուսումնահայրենագիտական ճամփորդության ամփոփում

«ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ»-Ը ՁՄԵՌԱՅԻՆ ՋԵՐՄՈւԿՈւՄ…

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 28-30-ը «Ուսումնական Գարուն»-ը անցկացրեցինք ձմեռային Ջերմուկում…ա՜յ քեզ գիժ ամիս…մի կտոր Հայաստանում մի տեղ արև է, մի տեղ՝ անձրև, մեկ այլ տեղ՝ առատ ձյուն…
Մարտի 28-ին Մայր դպրոցում հավաքվել էին «Ուսումնական Գարուն»-ը Ջերմուկում ճամփորդական նախագծային խումբը՝ տարատարիք սովորողներ /7-11-րդ դասարաններից/՝ թվով 21 սովորող, երեք դասավանդող՝ Վարդան Կարապետյան, Իրինա Ապոյան, Սոֆյա Այվազյան…Ճանապարհը, որն անցնում էր գարնանային Արարատյան դաշտով, մեծ բանաստեղծի ծննդավայր Զանգակատուն-Չանախչիով, ծաղկած ծիրանենիներով Վայոց Ձորով՝ Արփի-Արենի-Եղեգնաձոր-Վայք, ցրտաշունչ Գնդեվազ-Կեչուտով, մե՛րթ արևային էր, մե՛րթ՝ ամպամած, մե՛րթ էլ անձրևոտ…իսկ ի՜ նչ իմանաինք, որ Ջերմուկն էլ ձյունածածկ է…
Ինչևէ, այսպիսի հետաքրքիր ճանապարհ անցնելով՝ հասանք Ջերմուկ…ձմեռային քաղաք…
Կեսօրն անց հասանք «Եվմարի» հյուրատուն, տեղավորվեցինք, մի փոքր հանգստացանք, ճաշեցինք, որից հետո դուրս եկանք քաղաք…սովորողներն անհամբեր էին, ուզում էին վայելել Ջերմուկի հեքիաթային ձմեռը, որը չէին տեսել մայրաքաղաքում: Քայլեցինք դեպի Գալերիա-ըմպելասրահ կոչվող, տաք-բուժիչ նշանակությամբ ջրերի սրահ, հայ կամավորների արձանախումբ, իսկ հետո շրջեցինք լճակի տարածքում, որտեղ զրուցեցինք բնակիչների հետ Ջերմուկի խնդիրների, մասնավորապես՝ Ամուլսարի խնդրի մասին:

Զրույցից պարզ դարձավ, որ քաղաքի բնակչության մոտ 90 տոկոսը դեմ է հանքի բացմանը, իսկ մյուս 10 տոկոսը, բնականաբար, հանքում աշխատողներն են, որոնց համար «աշխատավարձն ավելի կարևոր է, քան իրենց ու իրենց երեխաների առողջությունը»,-ինչպես իրենց խոսքում նշեցին մարդիկ:
Դե քաղաքային շրջայցն առանց ձնագնդի խաղալու, իհարկե, հնարավոր չէ պատկերացնել….
Առաջին օրն ավարտեցինք հյուրատանը՝ ընթրեցինք, որից հետո սովորողներն անցան իրենց զվարճալի խաղերին:

Ճամփորդության երկրորդ օրն այցելեցինք Ջերմուկի կրթահամալիր, որտեղ մեզ ընդունեց Ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների մեծ խումբ՝ սիրով և սրտաբաց: Դպրոցում մենք ներկայացրեցնք մեր կրթական ծրագրերը, այլընտրանքային, նախագծային-բլոգային ուսուցումը, որը, ասեմ ձեզ՝ նրանց հետաքրքրեց։ Մեր սովորողները ներկայացրեցին իրենց բլոգները, պատմեցին կրթահամալիրային առօրյայի մասին և լսեցին նաև ջերմուկցիների դպրոցական կյանքի մասին: Այս ամենից հետո միասին կարդացինք Թումանյան ու Չարենց, որին հաջորդեց միասնական պարը։
Այս հանդիպումից շատ կարևորում եմ Ամուլսարի խնդրի շուրջ սովորողների քննարկումը, որի մասին իրենց կարծիքները հայտնեցին նաև մեր սովորողները, քանի որ ճամփորդությունից առաջ նրանք ուսումնասիրել էին Ամուլսարի խնդիրը, իսկ Ռաշիդը նշեց, որ ինքը 2018թ. եղել է Ջերմուկում՝ Ամուլսարի խնդրի ուսումնասիրման նպատակով՝ Մարթա Ասատրյանի էկոնախագծային խմբի հետ:
Դպրոցում մենք նաև պայմանավորվածություններ ձեռք բերեցինք Արատեսի դպրական կենտրոնում համատեղ ճամբար կազմակերպելու և իրականացնելու մասին, իհարկե, նրանց հրավիրեցինք նաև մեր կրթահամալիր:

Դպրոցից շարժվեցինք դեպի Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ, որտեղ ներկայացված էին 100-ից ավել  գեղարվեստական ստեղծագործություններ՝ նկարներ և քանդակներ, բազմաթիվ հայտնի արվետագետների գործերից։
Ըստ մեր  ծրագրի՝ պատկերասրահ այցին հաջորդում էր «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժը, սակայն այնտեղ իջնել, ցավոք, չկարողացանք, քանի որ, կարծում եմ արդեն հասկանում եք, առատ ձյան պատճառով դեպի ձոր տանող ճանապարհն արդեն փակվել էր…հոգ չէ, հաջորդ անգամ կգնանք։

Հաջորդ այցը «Ջերմուկ մայր գործարանն» էր, որը շատ հետաքրքրեց սովորողներին, անկեղծ ասած՝ ինձ էլ, քանի որ առաջին անգամ էի լինում այստեղ: Գործարանի մարդկային ռեսուրսների կառավարիչ Գոհարը, ով արդեն 19 տարի է, ինչ աշխատում է մայր գործարանում, մեզ ծանոթացրեց  գործարանի աշխատանքներին և կառուցվածքին, ներկայացրեց տվյալներ գործարանում աշխատողների թվի և մասնագիտական որակների մասին՝ նշելով, որ գործարանում աշխատում է 130 մարդ, իսկ Երևանի հետ միասին՝ 375 մարդ։ Սովորողներին հետաքրքրեց այն փաստը, որ գործարանը կառուցված է սարի վրա, անմիջապես ակունքի վրա, որտեղից բխում է մեր երկրի բնական հարստություն համարվող և աշխարհին ներկայացվող «Ջերմուկ» հանքային ջուրը: Մեզ նաև հյուրասիրեցին նոր արտադրված ջերմուկ, որն ավելի որակյալ է, քան խանութից գնած ջերմուկը, քանի որ, ըստ մասնագետի խոսքի, հանքային ջուրը տեղափոխման ճանապարհին փոխում է համն ու որակը:

Առավոտյան բոլորս առաջինը պատուհանից դուրս էինք նայում, չէ՞ որ մեզ ճանապարհն էր անհանգստացնում, իսկ ամբողջ գիշեր առատ ձյուն էր տեղում…
Նախաճաշեցինք, հավաքվեցինք, սովորողներն ու դասավանդողները  հարդարեցին իրենց սենյակները և ճանապարհ ընկանք դեպի գարնանային Երևան՝ հետևում թողնելով ձմեռային Ջերմուկը…

img_3818

Leave a comment