Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն

ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

«Դեպի Պարսկահայք» ճամփորդությունից
Քենդովան՝
Քենդովանն աշխարհի երեք ժայռափոր գյուղերից մեկն է և ունի ուրույն ճարտարապետական առանձնահատկություն: Կոնաձև ժայռերը և մարդու ստեղծած քարանձավները, որոնք օգտագործվում են որպես բնակարաններ, ստեղծել են աշխարհի ամենազարմանահրաշ ժայռափոր գյուղը: Ժայռափոր գյուղն աչքի է ընկնում իր ճարտարապետական յուրօրինակ նախագծով, ավանդական տներով ու կենցաղով: Ըստ տեղաբնակների՝ գյուղն ունի ավելի քան 700 տարվա պատմություն:


«Դեպի Ջավախք» ճամփորդությունից՝
Վարձիա՝
Վարձիա քարանձավային համալիրը Ջավախք աշխարհի ամենադիտարժան վայրերից մեկն է: Այն գտնվում է Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի շրջանում, Կուր գետի հովտում, նրա պատմությունը ավելի քան 900 տարվա վաղեմություն ունի:
Վարձիան հաճախ անվանում են քարանձավ-քաղաք կամ վանք, որը կառուցվել է 12-րդ դարում: Այն սենյակներից և թունելներից կազմված լաբիրինթոսի է նման, որը հասնում է մինչև Երուշելի լեռը: 30 րոպեում կարելի է մագլցելով հասնել այնտեղ և մի փոքր մուտքավճար մուծել Վարձիան պահպանող վանականներին: Ի սկզբանե մենաստանը ունեցել է 6000 սենյակ և 13 հարկ: Այժմ մնացել են 300 սենյակ և մի քանի սրահ:
1185թ.-ին Վրաստանի գահը անցավ վրաց պատմության մեջ առաջին կնոջ ձեռքը՝ Թամար թագուհուն: Նրա գահակալության տարիներին վրացական մշակույթը ծաղկում ապրեց և մենաստանի միտքը նրան էր պատկանում: Նա որոշեց լեռ քարերի մեջ փորված մենաստան ունենալ, քանի որ Մոնղոլական կայսրությունը սպառնում էր փոքրիկ Վրաստանին: Որպեսզի օգնի իր ժողովրդին խուսափել մոնղոլական հարձակումներից, Թամարը հրամայեց կառուցել ստորգետնյա ապաստան:


«Դեպի Սյունիք» ճամփորդությունից՝
Հին Գորիս՝
Զբոսաշրջիկները զարմանում են, որ մինչև 18-րդ դարը գորիսցիների տները ժայռափոր բնակարաններն էին: Այդ կացարանները  փորվել են քարաժայռերի, կամ ինչպես տեղացիներն են ասում, քերծերի մեջ, բավականին մեծ թեքության վրա: Եվ միայն 18-րդ դարից հետո է սկսվել քերծերի ու քրատակների առջև քարե պատերով ու փայտյա ծածկերով  մեկ-երկու հարկանի բնակարանների կառուցումը: Նախկին բնակելի մասերն էլ ծառայել են որպես մառաններ:
Մինչև 20-րդ դարի սկիզբը  Հին Գորիսում գործել է նաև բնական հուշարձան  համարվող քարանձավային թատրոնը՝ «Ամֆիթատրոնը»: Ներկայումս պահպանվել են բեմը և նստարանները:

Հին Խնձորեսկ՝
Գորիս քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևելք, այժմյան Խնձորեսկ գյուղի հյուսիսարևելյան եզրի խոր ձորահովիտներով կտրտված լեռնահովտի աջ ու ձախ լանջերին տարածվում է Հին Խնձորեսկ գյուղը: Ըստ ավանդության` խոր ձորերի մեջ կառուցված լինելու պատճառով, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ` հետագա ձևափոխությամբ դառնալով Խնձորեսկ: Սկզբում Խնձորեսկի տների մեծ մասը քարանձավային է եղել, հետագայում կառուցվել են նաև քարաշեն տներ: Անձավային բնակարանները եղել են նաև ինքնատիպ պատսպարաններ: Մի քարայրից բաղկացած ժայռերից բացի կան նաև տարբեր բարձրության վրա փորված քարայրներ ունեցող ժայռեր: 20-30 մ բարձրության վրա եղած քարայր-բնակարաններ (տեղացիներն անվանում են «քրատակներ») բնակիչները բարձրացել են պարաններով: Ժամանակի ընթացքում քարայրների ճակատային մասերում տներ են կառուցվել, որոնք դասավորված են եղել դարավանդաձև` զառիթափ լեռնալանջով դեպի վեր. մեկ տան կտուրը ծառայել է իբրև բակ մյուս տան համար: Այնպես որ հեռվից գյուղը լեռնալանջն ի վեր ձգվող բազմահարկ հսկայական շենքի տպավորություն է թողել:
2012թ. հունիսին գործարկվել է Հին Խնձորեսկի երկու ձորափները (Ղանդունց նովն ու Ներքին թաղը) իրար միացնող 160 մ երկարությամբ, 63 մ առավելագույն բարձրությամբ ճոճվող կամուրջը: Այն իր տեսակի մեջ եզակի, գեղեցիկ և տեսարժան կամուրջ է:

Քանդակագործության-ճարտարապետության միջազգային փառատոնին ընդառաջ մեր նախագծային խմբերը եղան վերը նշված վայրերում՝ նախ Վարձիայում /Ջավախք/, հետո՝ Քենդովանում /Պարսկահայք/ և Սյունիքում /Հին Գորիս, Հին Խնձորեսկ/, ուսումնասիրեցինք Վարձիա քարայրային համալիրը, Քենդովան ժայռափոր բնակավայրը, Հին Խնձորեսկ քարանձավային գյուղատեղին և Հին Գորիս՝ քարայրների քաղաք-գյուղատեղին, որոնք փառատոնին ներկայացվում են ֆոտոշարերի տեսքով, որտեղ ներկայացված են նշված վայրերի ճարտարապետական առանձնահատկություններն ու քանդակագործական յուրօրինակությունները:

Leave a comment