Հաշվետվություն՝ «Դեպի Պարսկահայք» ճամփորդությունից հետո

«Դեպի Պարսկահայք-Թավրիզ» նախագիծ
«Ինչպես հասնել Իրան-Պարսկահայք»

Մի քանի դիտարկում ճամփորդությունից հետո՝

1. Նախ պետք է նշեմ, որ Պարսկահայք-Թավրիզը ճանաչել-ուսումնասիրելու համար 2-3 օրը շատ քիչ է, առնվազն պետք է կազմել մեկ շաբաթյա ծրագիր, որպեսզի կարողանաք պատկերացնել Պարսկահայքը՝ Ջուլֆայով, Թավրիզով, Սալմաստով, Խոյով՝ իրենց շրջակա գյուղերով և պատմամշակութային վայրերով, ինչպես նաև հասցնեք ճանաչել Մեղրին և Ագարակը:
2. Պարսկահայք մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախ գիշերել Ագարակում կամ Մեղրիում, այսինքն՝ առավոտյան ժամը 09:00-ին Երևանից դուրս գալ, ժամը 18:00-ին հասնել Մեղրի /կանգառներով/, 1 ժամ հանգստանալ, շրջել Մեղրիի Փոքր Թաղում, իսկ հետո գիշերել Մեղրիում կամ Ագարակում: Առավոտյան շուտ՝ ժամը 07:00-ին անցնել հայ-իրանական սահմանը և Ջուլֆայից սկսել ճամփորդությունը: 
Այս տարբերակով հասցնում եք և՛ Մեղրի քաղաքը տեսնել, և՛ քնել-հանգստանալ, որպեսզի հաջորդ օրվա շրջագայությանը դիմանաք:
3. Ավելի հարմար է գնալ ոչ մեծ խմբով: Ճիշտ է, դա ֆինանսական դժվարություն կստեղծի, բայց փոքր խմբով գնալը հեշտացնում է խմբի կազմակերպված տեղաշարժը Պարսկահայքի մի տեղից մյուս տեղը, մանավանդ փոքր տրանսպորտով, փոքր խմբի դեպքում հեշտ է լուծել նաև հյուրանոցի խնդիրը, այդպես նաև խումբը ավելի համախմբված ու կազմակերպված է աշխատում շրջագայության ամբողջ ընթացքում /մենք մեղրեցիների հետ միասին եղել ենք 40 հոգի/:
4. Պարսկահայք գնալու համար հունիսը հարմար ամիս չէ, քանի որ հունիսին Իրանում՝ Պարսկահայքում բավականին շոգ է լինում: Տեղացիները խորհուրդ են տալիս Պարսկահայք գնալ ապրիլին, որը բնության ծաղկման-զարթոնքի ամենալավ շրջանն է, եղանակն էլ՝ դեռևս հով:
5. Պարսկահայքից վերադառնալիս ևս խորհուրդ կտայի գիշերել Ագարակում, քանի որ Իրան-Հայաստան սահման հասնում եք ուշ երեկոյան, իսկ Երևան վերադառնալու համար  ստացվում է ամբողջ գիշեր լինել ճանապարհին, ընդ որում՝ ոչինչ չտեսնել՝ Քաջարան-Կապան-Գորիս-Սիսիան և այլն: Իսկ եթե գիշերում եք Ագարակում, հաջորդ օրը՝ առավոտյան շուտ սկսվում է խմբի շրջագայությունը Սյունիքում՝ Ագարակից անմիջապես մեկնել Մեղրիի Լիճք գյուղ, հիանալ Լիճքի մի քանի տասնյակի հասնող ջրվեժներով, հետո Կապան՝ հայտնի Վահանավանք, ապա՝ Գորիս, եթե օրը բավականացնում է, նաև՝ Շաքիի ջրվեժ /համեմատել Լիճքի ջրվեժների հետ/, որից հետո շտապել Երևան:

Ձեռքբերումներ՝

«Դեպի Պարսկահայք» կարճատև ճամփորդության արդյունքում մենք ունեցանք մի շարք ձեռքբերումներ՝
1. «Իրանի մշակույթի կենտրոնի» հետ վաղուց ունեցած կապերի և համագործակցության ամրապնդում
2. Մեղրիի «Մարզամշակութային կենտրոնի» պարսկերեն սովորող խմբի հետ ծանոթություն-կապերի ստեղծում-համագործակցող՝ խմբի ղեկավար Լևոն Միրզոյան /պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը նորից միասին գնալ Պարսկահայք, այս անգամ գոնե մեկ շաբաթյա ծրագրով և նոր անելիքներով/
3. Մեղրիի խոշորացված համայնքի համայնքապետարանի հետ կապերի ստեղծում-համագործակցող՝ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյան
4. Մեղրիի «Հուշարձանների պահպանության կենտրոնի» հետ կապերի ստեղծում-համագործակցող՝ կենտրոնի ղեկավար, Մեղրիի թիվ 1 միջն. դպրոցի պատմության ուսուցչուհի Նաիրա Հայրապետյան
5. Մեղրիի «Մարզամշակութային կենտրոնի» պարսկերեն սովորող խմբի ծնողական համայնքի հետ ծանոթություն-կապերի ստեղծում /նրանք մեզ հրավիրեցին Մեղրի-Ագարակ, մասնավորապես՝ Լիճքի ջրվեժներ/
6. Երևանի «Հանրային ռադիոընկերության» հետ կապերի ստեղծում-համագործակցող՝ լրագրող Տաթևիկ Շատյան
7. Գորիսի Կոռնիձոր գյուղի միջն. դպրոցի հետ ունեցած երկամյա կապերի ամրապնդում, իսկ նախակրթարանի հետ՝ ծանոթություն/
8. Ձեռքբերումների շարքում ուզում եմ խոսել նաև մեր հատուկ կարիքով սովորողների՝ նախագծային խմբում ընդգրկված լինելու մասին, որոնց մասնակցությունը ճամփորդություններին թվում է, թե դժվարություններ է ստեղծում, բայց պետք է ասեմ, որ ամենևին էլ այդպես չէ: Նման սովորողներին՝ կրթահամալիրային կյանքում  ավելի հեշտ ներառելու համար ճամփորդությունը ամենահարմար տարբերակներից մեկն է: Ճիշտ կլինի, որ մեր դասավանդողներն իրենց ճամփորդություններում ընդգրկեն գոնե մեկ-երկու ներառական սովորող:

Ի՞նչը չստացվեց՝

Այն, ինչը չստացվեց մեր եռօրյա ճամփորդության ընթացքում, նորից պետք է կապեմ ժամանակի սղության հետ՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ երեք օրը քիչ է Իրանի համար: 
Ինչևէ, քիչ բան չենք արել ու տեսել այդ երեք օրվա ընթացքում, բայց կային նաև «չարված» բաներ, մասնավորապես՝
-Նշանավոր Թավրիզ քաղաքը չհասցրեցինք լավ տեսնել ու պատկերացնել՝ քայլել քաղաքում, ուսումնասիրել թավրիզցիների մշակույթը, կենցաղը, նիստ ու կացը, սովորույթները, տեսնել Թավրիզի պատմամշակութային վայրերը /այս ամենը մեզնից պահանջում էր մի ամբողջ օր/
-Սալմաստով ու Խոյով ուղակի անցանք, իսկ Սալմաստ գավառում չկանգնել, չքայլել, չպատկերացնել գավառն իր պատմական անցյալով, ուղղակի մեծ բացթողում է ճամփորդի համար /գոնե մեկ օր էլ այստեղ էր անհրաժեշտ/
-Հովտային Սյունիքը՝ Կապան-Քաջարան-Մեղրի-Ագարակ,  սովորողները չպատկերացրեցին, քանի որ այդ տարածքով անցել ենք գիշերը՝ և՛ Պարսկահայք մեկնելիս, և՛ այնտեղից վերադառնալիս /այս տարածքը պատկերացնելու համար անհրաժեշտ էր ևս մեկ օր, չհաշված Լիճքը՝ իր գեղատեսիլ ջրվեժներով/
-Լեռնային Սյունիքը՝ Գորիս-Կոռնիձոր-Խնձորեսկով սովորողներին հրապուրել էր՝ իրենց  գեղատեսիլ բնությամբ, պատմամշակութային արժեքներով, մարդկանց նիստ ու կացով, ավանդույթներով, իսկ ահա Սիսիանը՝ իր հրաշք Շաքիի ջրվեժով, մնաց մեր ճամփորդության ամենամեծ կորուստը, որը, ինչպես ես խոստացա սովորողներին, իրականություն կդարձնեմ դեպի Սյունիք առանձին ճամփորդությամբ:

Ֆինանսական մասով՝

Այս ճամփորդությունը ֆինանսական առումով սովորողների համար այնքան էլ հրապուրիչ չէր, քանի որ, հեռավոր ճամփորդություն լինելով, պահանջում էր որոշ չափով շոշափելի գումար: Ճանապարհածախսի, գիշերակացի և սննդի համար սովորողից պահանջվեց 20 000 /քսան հազար/ դրամ, նոտարական գրասենյակից ծնողը լիազորագիր վերցնելու համար վճարեց 10 000 /տասը հազար/ դրամ, չհաշված սովորողի՝ իր այլ կարիքների համար գրպանի գումարը: Իսկ մեր սովորողներից ոչ բոլորն են ֆինանսապես պատրաստ: 
Իհարկե, նախագծային խմբի միջոցներով բոլոր ծախսերը հոգալ հնարավոր չէր լինի, եթե չլինեին կրթահամալիրի /100 000 դրամ/ և «Իրանի մշակույթի կենտրոնի» /140 000 դրամ/ ֆինանսական աջակցությունը, որի համար շնորհակալ ենք տիար Բլեյանին և «Իրանի մշակույթի կենտրոնի» ղեկավարությանը:
Ի դեպ, մեր՝ Իրանում գտնվելու օրերին մահմեդականների /պարսիկների/ Սուրբ Ռամազանի վերջին օրերն էին, որի պատճառով հյուրանոցները ծանրաբեռնված էին, իսկ փոքր-ինչ թեթևները հյուրեր ընդունում էին բարձր գներով:

Արդյունքում, մեր կազմակերպված և ճիշտ պլանավորված քայլերի շնորհիվ եղած գումարը բավարարել է բոլոր ծախսերը լավագույնս հոգալու համար՝ 
-Երևան-Ագարակ-Ագարակ-Երևան տրանսպորտ՝ 180 000 դրամ
-Պարսկահայքում /սահմանին ապահովագրական վճար՝ 15 000 դրամ, Ագարակ-Պարսկահայք-Պարսկահայք-Ագարակ տրանսպորտ՝ 80 000 դրամ, հյուրանոց՝ 115 000 դրամ, երկօրյա սնունդ /նախաճաշ, ճաշ, ընթրիք/՝ 70 000 դրամ/
-Կոռնիձոր-Գորիս-Երևան /մեկօրյա սնունդ՝ 25 000 դրամ/
-չնախատեսված այլ ծախսեր՝ 15 000 դրամ:

Նախագծային խմբի ճամփորդական լուսաբանումները՝

«Ինչպես հասնել Իրան-Պարսկահայք»
«Հասանք Իրան-Պարսկահայք»-Վարդան Կարապետյան
«Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի միջազգային փառատոն»՝
-Քենդովան ժայռափոր բնակավայր
-Հին Գորիս՝ քարայրների քաղաք
-Հին Խնձորեսկ՝ պատմամշակութային վայր
«Գետը բնակավայրում» նախագիծ՝
Արաքս գետ
Ուրմիա լիճ-Վարդան Կարապետյան և ընկերներ
«Քրդական պարի ուսուցում Ուրմիա լճի ափին»-Դիանա Նազարյան
«Դեպի Պարսկահայք»-Հայարփի Անանյան
«Դեպի Պարսկաստան»-Հարություն Ասատրյան
«Արաքսից այն կողմ»-Ռիմա Բարսեղյան
«Թավրիզ-Օր 2-րդ»-Արա Շահվերդյան
«Ճամփորդություն դեպի Իրան»-Գրիգոր Գրիգորյան
«Արաքսից այն կողմ»-Նունե Հովհաննիսյան
«Մեկ օր Իրանում»-Լիրա Խաչատրյան
«Իրանի մշակույթի կենտրոնի անդրադարձը «Դեպի Պարսկահայք» այցելությանը»
«Հանրային ռադիոն՝ ճամփորդության մասին»-Մաս 1-ին
Մաս 2-րդ
«Մեղրիի համայնքապետարանը՝ ճամփորդության մասին»
Ֆեյսբուքյան հրապարակումներ՝
«Հայ-իրանական սահմանին»
«Դեպի Թավրիզ» նախագծային խումբը Ջուլֆայում»
«Ավերակ ջաղաց-ջրաղացում»
«Թավրիզ-Քենդովան»
«Գետը բնակավայրում»-Արաքս գետ, Ուրմիա լիճ
«Սեբաստացիները Կոռնիձորում»
«Սեբաստացիները՝ Կոռնիձորի միջն. դպրոցում»
«Պարուսուցում Կոռնիձորի միջն. դպրոցում»
«Սեբաստացիները՝ Կոռնիձորի նախակրթարանում»
«Հին Խնձորեսկում»
«Ուղիղ միացում Հին Խնձորեսկից»

Leave a comment