Ինչպես հասնել Իրան-Պարսկահայք

Ճամփորդության սկիզբ-Մեկնում.
Ճամփորդության նախագիծ-ծրագիր.

yerevan_meghri-min

Կարծում եմ, ճանապարհի այսպիսի նկարագրությունը և խմբի ձևավորման գործում առաջացած խոչընդոտներն ու դժվարությունները մատնանշելը կարող է օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կցանկանան լինել Իրանում…

Ինչպես ջավախքյան ճամփորդությունս, այնպես էլ այս ճամփորդությունը, որը տարավ մեզ՝ սեբաստացիներիս հարևան Իրան՝ Պարսկահայք, ինձ և, կարծում եմ, խմբի մյուս անդամների համար ունեցավ բացահայտող-ուսումնասիրող նշանակություն: Չնայած նրան, որ ճամփորդությունը եռօրյա էր, սակայն մենք Իրանում՝ Պարսկահայքում ունեինք ընդամենը երկու օր /մեկ օրը նախատեսել էինք անցկացնել Գորիսում/՝ բացահայտելու այդ հսկայական աշխարհը…իսկ երկու օրը, ինչ խոսք, բավականին քիչ է հարևան երկիրը ճանաչելու համար…
Ինչևէ, ես փորձեցի այդ կարճ ժամանակահատվածում գոնե պատկերացում կազմել իրանցիների լեզվի, մշակույթի, կենցաղի, պատմական Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի, Ատրպատական աշխարհի, մասնավորապես Թավրիզ քաղաք-կենտրոնի մասին, որն ինձ և մեր խմբին կօգնի հետագա այցելությունների ժամանակ ավելի հեշտ և ճիշտ կողմնորոշվելու համար:
Պետք է նշեմ, որ ի սկզբանե «Դեպի Թավրիզ» նախագծային խումբը բավականին դժվարությամբ ձևավորվեց, որի պատճառները տարբեր էին՝ կային սովորողներ, ովքեր ֆինանսապես պատրաստ չէին, իսկ Իրան գնալու համար սովորողին անհրաժեշտ էր 30 հազարից ավել դրամ գումար /տրանսպորտ, գիշերակաց, սնունդ, փաստաթղթերի պատրաստում/, կային սովորողներ, որոնց Իրան գնալը կարող էր խոչընդոտել հետագայում ԱՄՆ և այլ երկրներ այցելելուն, կային Իսրայել այցելած սովորողներ, ովքեր չէին կարող Իրան գնալ, կային Եգիպտոսի քաղաքացիություն ունեցող սովորողներ, որոնց մուտքը Իրան կարող էր խնդիրներ առաջացնել և այլ պատճառներ:
Վերջապես, մեր համառ ջանքերի շնորհիվ ձևավորվեց 16 հոգանոց խումբը, որոնց թվում նաև ես, պարսկերենի դասավանդող Դիանա Նազարյանը, պարի դասավանդող Հայարփի Անանյանը, Հանրային ռադիոընկերության լրագրող Տաթևիկ Շատյանը, «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթից Հայարփիի գործընկերները և կրթահամալիրի Միջին ու Ավագ դպրոցների մի խումբ սովորողներ:
Սովորողներին հանձնարարված էր իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ տարբեր աղբյուրներից ուսումնասիրելով հարևան Իրանը, իրանական մշակույթը, իրանցիների սովորույթները, ինչպես նաև այցելության համար նախատեսված վայրերը, որոնք մեր նախագծում ընդգրկված են: Իսկ ճամփորդությունից առաջ կազմակերպել ենք նախագծային խմբի հավաք և ներկայացրել նախագիծը, մանրամասն ծրագիրը, ինչպես նաև ուղղորդել սովորողներին փաստաթղթերի պատրաստման հարցում:

Հունիսի 3-ին, երեկոյան ժամը 21:30-ին Մայր դպրոցի բակից «Դեպի Պարսկահայք-Թավրիզ» նախագծային խումբը ճանապարհ ընկավ: Գիշերվա մթության մեջ անցանք Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն երթուղին և ժամը 11:30 կանգ առանք Արենի գյուղի շուկայում: Մի փոքր թարմանալուց հետո շարունակեցինք գիշերային ճանապարհը՝ անցնելով Արենի-Եղեգնաձոր-Վայք-Սարավան-Սիսիան երթուղին՝ հասնելով Գորիս: Գիշերվա ժամը 02:00-ին կանգ առանք Գորիսի «Զանգեր» կոչված դարպասում, որտեղից գիշերային Գորիս քաղաքն այնքա՜ն գեղեցիկ էր երևում…իսկ «Զանգեր»-ի սառնորակ ջուրն ուղղակի անմահական էր…
Դարձյալ մի փոքր հանգստից հետո շարունակեցինք գիշերային ճանապարհը՝ բռնելով դեպի Կապան տանող ուղին: Անցանք Գորիս-Որոտան-Շուռնուխ-Արծվանիկ-Դավիթ-Բեկ բնակավայրերը և հասանք Կապան: Լույսը բացվելու վրա էր, ժամը 05:30, իսկ խումբը ցանկացավ մարզկենտրոնում ևս կանգ առնել…մի փոքր թարմացանք, հանգիստ առանք, շարունակեցինք ճանապարհի վերջին հատվածը, որը տանում էր դեպի Մեղրի-Ագարակ: Անցանք Կապան-Քաջարան-Մեղրի-Լեհվազ բնակավայրերը և վերջապես հասանք Ագարակ, հայ-իրանական սահման: Հա՛, Մեղրիի հայտնի սարը բարձրանալիս մենք դիմավորեցինք արևածագը…Արևածագը՝ Լեռնահայաստանից…

Արդեն առավոտ էր, ժամը 07:00, խումբը կիսաքուն-քնաթաթախ, իսկ Մեղրիի նախագծային խումբը սահմանի մոտ մեզ էր սպասում, որպեսզի միասին հատեինք հայ-իրանական պետական սահմանը:
Ագարակում միանալով Մեղրիի «Մարզամշակութային կենտրոնի» պարսկերեն սովորող խմբին, որոնց թվում էին Մեղրիի «Հուշարձանների պահպանության կենտրոն»-ի ղեկավար, Մեղրիի թիվ 1 միջն. դպրոցի պատմության ուսուցչուհի Նաիրա Հայրապետյանը, «Մեղրի» խոշորացված համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը, ինչպես նաև սովորողների ծնողներ, միասին հատեցինք հայ-իրանական սահմանը, քայլեցինք Արաքս գետի վրայով՝ մոտ 300 մետր, վայելեցինք Հայոց քնաթաթախ Մայր գետը և ոտք դրեցինք պարսից հողի վրա, որտեղ Թավրիզից ժամանած ավտոբուսը մեզ էր սպասում:

40  հոգանոց միասնական խումբը, հայ-իրանական սահմանը բարեհաջող անցնելուց հետո, մտավ Պարսկահայք-Ատրպատական…

Պարսկահայքում անցկացրած երկու հրաշալի օրերի մասին կպատմեմ հաջորդիվ…

Leave a comment