«Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող

Հոկտեմբերի 7-ին Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ 2021 թվականի «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքների ամփոփման և պարգևատրման արարողությունը։

Նախ մի փոքր մրցույթին՝ իմ մասնակցության մասին․․․
«Տարվա լավագույնները» մրցույթին որոշեցի մասնակցել մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի առաջարկով։ Մրցույթին ներկայացրել եմ երկու աշխատանք՝
1․ «Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսումնական բաց հարթակ»՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի անվանակարգում /«Տարվա լավագույնները» մրցույթի ծրագիր-1,  Ամփոփիչ սահիկաշար/.
2․ «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության անվանակարգում /«Տարվա լավագույնները» մրցույթի ծրագիր-2,  Ամփոփիչ սահիկաշար/.

Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում, հանձնաժողովի կողմից սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 202 ծրագրից  29 ծրագրային առաջարկ, որոնց մեջ ընդգրկվել է նաև «Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսումնական բաց հարթակ» նախագծային առաջարկը՝ որպես հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր։

Օրվա ֆոտոընտրանուց՝

Ուրախ եմ և հպարտ, որ «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացրել եմ հայաստանյան ամենահեղինակավոր՝ հեղինակային մանկավարժություն ստեղծած, իրականացնող-տարածող կրթական հաստատությունը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, և վստահ եմ, որ մեր փորձը օգտակար կլինի հայաստանյան մյուս ուսումնական հաստատություններին։

Վերջում ուզում եմ շնորհակալությունս հայտնել և փոխանցել իմ գործընկերներին, մասնավորապես կրթահամալիրի  հասարակագետներին, մեր ակտիվ, ստեղծագործ սովորողներին, հասարակագիտական ստուգատեսի շրջանում կրթահամալիր այցելած հրավիրյալ մասնագետներին և կրթահամալիրին՝ ստեղծագործ-անընդհատ զարգացող միջավայրի համար։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ․․․

Սիրով՝
«Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող Վարդան Կարապետյան

Leave a comment