Իմ կարծիքը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի մասին

Ես  հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի գործող մեխանիզմով առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչ եմ, բայց պետք է փաստեմ, որ գործող մեխանիզմը շատ թերություններ, բացթողումներ ունի, այն ուսուցչից պահանջում է անհեթեթ, ձևական փաստաթղթեր, էլ չեմ խոսում նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ոչ ճկուն համակարգի մասին, երբ ուսուցիչը կարող է չորրորդ աստիճանի տարակարգի հասնել առաջին աստիճանի տարակարգ ստանալուց ինը տարի հետո, այն էլ՝ հինգ տարի ժամկետով։ Հենց այդ պատճառով է, որ 2012 թվականից՝ որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը ներդրվելուց մինչև հիմա հանրապետությունում որևէ ուսուցչի չի շնորհվել չորրորդ աստիճանի տարակարգ, իսկ երրորդ աստիճան շնորհվել է ընդամենը 7 ուսուցչի։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ համակարգը լիարժեք չի գործել/գործում։ Ընդ որում, ուսուցիչը հինգ տարի հետո նորից պետք է անցնի այդ ձևական գործընթացի միջով, ո՞ր ինչ․․․
Հետևաբար, նոր՝ առաջարկվող նախագծում առաջին հերթին դրական եմ գնահատում նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ճկունությունը և հինգ տարվա ժամկետի պահանջը հանելը։

Սակայն դա չի նշանակում, որ նոր՝ առաջարկվող մեխանիզմը իդեալական է, այն խնդիրներ չի առաջացնում ուսուցչի համար։ Ինձ համար անհասկանալի են ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ բնութագրող անվանումները՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ Դասավանդող և Ավագ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչ։

Եթե նախագծում հստակ ձևակերպված են վերապատրաստող և հետազոտող ուսուցչին ներկայացվող պահանջները՝
Վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստում, Հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոս արդյունքի հավաստում,

ապա ուսուցչի համար չպարզաբանված են մնում Դասավանդող և Ավագ ուսուցչին ներկայացվող պահանջները։ Նախ նախագծում չի երևում, թե  ինչ բնութագրիչներ պետք է ունենան Ավագ ուսուցիչը և Դասավանդողը, և հետո, կարծում եմ ճիշտ կլինի նախագծում ներկայացված լինեն հստակ պահանջներ Դասավանդողի և Ավագ ուսուցչի համար։ Այդպես ուսուցչի համար պարզ կդառնա՝ ինքը Դասավանդո՞ղ է, թե՞ Ավագ ուսուցիչ։

Իմ գործընկեր Յուրա Գանջալյանը նույնպես մանրամասն ուսումնասիրել-դիտարկել է սույն նախագիծը, ով իր կարծիք-վերլուծության մեջ անդրադարձել է նաև պահանջվող այն փաստաթղթերին, որոնք ուսուցիչը պետք է ներկայացնի իր դիմումի հետ։ Համաձայն լինելով տիար Յուրայի մտահոգությունների հետ՝ ուղղակի կավելացնեմ՝

  • Հանրակրթական դպրոցի ուսուցիչը առաջնորդվում է առարկայի թեմատիկ պլանով և դասապլանով, ուստի այս պահանջը ուսուցիչը կարող է բավարարել։
  • Դասալսումների արձանագրությունների և դասերի տեսաձայնագրությունների մասով խնդիր եմ տեսնում, դասալսումների արձանագրությունները կազմում են դպրոցի ուսմասվարը և առարկայական մեթոդմիավորման ղեկավարը, բայց արդյո՞ք միշտ են պատշաճ ձևով կազմվում այդ արձանագրությունները՝ պահանջվող սկզբունքներին համապատասխան։
  • Ուսուցչի ՏՀՏ հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստումներ իրականացվու՞մ են հստակ ժամանակացույցով, հստակ ծրագրով, միգուցե բավարա՞ր լինի ուսուցչի մասնակցությունը ՏՀՏ դասընթացին պարտադիր վերապատրաստման շրջանակում։
  • 21-րդ դարի հմտությունների մասին վերապատրաստման վկայական, Ռեսուրսների կառավարման հմտությունների մասին վերապատրաստման վկայական, Ուսումնառության գնահատման մեթոդաբանությունը իմանալու և կիրառել կարողանալու մասին վերապատրաստման վկայական․․․անկեղծ ասած՝ ես այս պահանջները լավ չեմ պատկերացնում, գուցե արժե ավելի՞ բացել, կամ նախարարությունը այսպիսի վերապատրաստումներ կազմակերպե՞լ/կազմակերպու՞մ է հանրապետության ուսուցիչների համար, ես չգիտեմ, չեմ հիշում․․․
  • Ներառական մեթոդների կիրառման և սովորողների առաջադիմության մասին ծնողների անանուն գնահատման մասին տեղեկանք՝ այս պահանջը թերևս հնարավոր է բավարարել։
  • Մասնագիտական զարգացման պետական պարտադիր վերապատրաստումներից դուրս այլ վերապատրաստումների մասին վկայականներ, գիտական կամ մանկավարժական հոդվածներ, միջազգային բանաժողովներին մասնակցությունը հաստատող տեղեկանքներ, գիտական աստիճաններ …սրանք չեն կարող պարտադիր պահանջներ համարվել։
  • Ուսուցչական կազմակերպությունների Արհմիությունների հետ աշխատանքների մասնակցության մասին տեղեկատվություն՝ նախ սկսենք այնտեղից, թե դպրոցներում Արհմիություններն ինչպես են գործում, խոսենք դրանց ձևական գոյության մասին, հետո պահանջենք ուսուցչից Արհմիությունների հետ աշխատել։

Իսկապես, մեր պետությունը մանկավարժի աշխատավարձը ուղղակի, առանց ավելորդ արհեստականությունների բարձրացնել չի ուզում, առանց նման արհեստական ճանապարհներ որոնելու հնարավոր չէ՞ ուղղակի յուրաքանչյուր տարի որոշակի տոկոս բարձրացում ապահովել, թե չէ՝ պարտադիր ատեստավորում, կամավոր ատեստավորում, տարակարգ․․․այս ի՞նչ արհեստական դժվարություններ եք ստեղծում առանց այն էլ ծանր ու դժվարին աշխատանք կատարող ուսուցչի համար։

Ամենայն հարգանքով՝ Վարդան Կարապետյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող

Leave a comment