«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահետազոտական ճամբարով․երրորդ փուլի ամփոփում-հաշվետվություն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողների ընդունելությունը կազմակերպվում է «Մուտք» ճամբարով։ Ճամբարի երրորդ փուլը մեկնարկեց օգոստոսի 15-ին, ճամբարը 7-օրյա էր․ երևանյան փուլ՝ օգոստոսի 15-18, ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսում՝ օգոստոսի 20-22․․․

Օգոստոսի 15-22-ը տարբեր հետաքրքրություններ, նախասիրություններ, բնավորություններ, տարբեր հայացքներ ունեցող 28 պատանի-ճամբարականներ իրենց առաջին քայլերն արեցին «մուտք» կրթահամալիր ճանապարհին։

Երևանյան փուլ՝ օգոստոսի 15-18

Օգոստոսի 15-ին սկսվեց ճամբարի երևանյան փուլը, որն ընթացավ ըստ հրապարակված աշխատակարգի։ Ճամբարային առաջին օրն անցավ հիմնականում ծանոթության, միմյանց ներկայանալու, երկխոսության շուրջ։ 12-րդ դասարանի սովորող Լուսի Ղարիբյանը ճամբարականներին ներկայացրեց կրթահամալիրը Ավագ դպրոցի սովորողի աչքերով։ Այնուհետև կրթահամալիրի հասարակագետ Աշոտ Տիգրանյանն անցավ ճամբարականների հետ երկխոսությանը, որի ընթացքում յուրաքանչյուր ճամբարական հակիրճ ներկայացավ լսարանին։
Ճամբարային առաջին օրը լուսաբանում է նաև Ավագ դպրոցի սեբաստացի սովորող Լուսի Ղարիբյանը /12-րդ դաս․/, ով ճամբարականներին ներկայացնում է կրթահամալիրը սեբաստացու աչքերով․․․

Ճամբարային երկրորդ օրն անցավ ավելի հետաքրքիր և բովանդակալից։ ՏՀՏ մասնագետ Նվարդ Սարգսյանն իրականացրեց բլոգուսուցում, Աշոտ Տիգրանյանը՝ նախագծային ուսուցում, իսկ օրվա հետաքրքիր ավարտը կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցում էր, որտեղ Մարիաննա Գևորգյանը բավականին օգտակար պարապմունք իրականացրեց ճամբարականների մասնակցությամբ։

Ճամբարային առաջին երկու օրերի մասին գրում են ճամբարականները՝

Դինա Հովհաննիսյան, 10-րդ դասարան
«Վերջին երկու օրս լի էր նոր ու շատ հետաքրքիր տպավորություններով, որոնցով ուզում եմ կիսվել: Ես ցանկանում եմ ուսումս շարունակել «Բլեյան կրթահամալիրում, և արդեն երկու օր է, ինչ ամառային օրերս անց եմ կացնում այնտեղ․․․շարունակությունը՝ այստեղ․

Նարե Վարդանյան, 9-րդ դասարան
Հարգելի՛ պարոն Տիգրանյան, շնորհակալ եմ այսօրվա դասընթացի համար, հետաքրքիր և արդյունավետ անցավ ինձ համար։ Այսօր սովորեցի նախագծի մասին անհրաժեշտ մանրամասներ։ Այսպիսով ես հասկացա, որ նախագիծը կարող է լինել երկարաժամկետ, կարճաժամկետ և միջնաժամկետ․․․շարունակությունը՝ այստեղ․

Շահեն Թամազյան, 10-րդ դասարան
«Երկու օր Է մասնակցում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի մուտքի ճամբարին: Այս օրերի ընթացքում ծանոթացանք և զրուցեցինք ընկեր Տիգրանյանի հետ: Նվարդ Սարգսյանի հետ բացեցինք բլոգ, ծանոթացանք ուսումնական գործիքներին: Այցելեցինք Խաղողի-գինու դպրոց և ծանոթացանք գինու պատրաստման ընթացքին: Ճամբարային օրերը հետաքրքիր են, մեծ ոգևորությամբ սպասում եմ  ճամբարի արտագնա փուլին»․․․

Զոյա Բեգյան, 10-րդ դասարան
Առաջին օրը մենք երկար զրույց ունեցանք պարոն Տիգրանյանի հետ, ում ուղղված է շարադրանքս։ Այդ օրը երեխաները բառ չէին արտաբերում իրենց բերանից, ինչպես և ես։ Ես այդ օրը փոքր ինչ կազմեցի իմ կարծիքը կրթահամալիրի մասին, բայց դա այն նվազագույնն էր, որը ես չէի կարող անգամ պատկերացնել։
Երկրորդ օրը ծանոթացանք երեխաների հետ, որը ավելի հեշտացրեց մեր ազատ շփումը թե’ երեխաների, թե’ ուսուցիչների հետ։ Օրվա վերջում մենք գնացինք Խաղողի-գինու դպրոց, որն ինձ շատ դուր եկավ, քանի որ ինքս գինետանը առաջին անգամ էի։ Նաեւ պատկերացում կազմեցի այն մասին, թե ինչպես է պատրաստվում գինին։ Այդ օրը հագեցած օր էր։

Առաջին երկու օրերի լուսաբանումը՝ համակարգողի բլոգում․

Ճամբարի երրորդ օրն ավելի հագեցած էր, բլոգուսուցմանը հաջորդեց ճամբարականների հանդիպումը Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի հետ, ով ճամբարականներին ներկայացրեց կրթահամալիրի Ավագ դպրոցը՝

Ճամբարականների համար շատ հետաքրքիր էր լսել Ավագ դպրոցի օտար լեզուների դասավանդողներին, ովքեր սիրով և մատչելի ձևով ճամբարականներին ներկայացրին Ավագ դպրոցում ուսումնասիրվող օտար լեզուները, որոնք սովորողների համար ընտրության բազմազանություն և լայն հնարավորություններ են բացում։
Ճամբարային երրորդ օրն ամփոփվեց ուսումնական Ագարակում, որը ճամբարականների հերթական բացահայտումն էր։

Ճամբարի վերջին՝ չորրորդ օրն արդեն ճամբարականները ներկայանում էին իրենց «նորաբաց» բլոգներով, փորձում նյութեր հրապարակել, Նվարդ Սարգսյանի օգնությամբ հաղթահարում առաջին դժվարությունները։
«Մուտք» Ավագ դպրոց ճամբարի կարևոր բաղադրիչներից է պարուսուցումը, ճամբարականներին ազգային-ազգագրական պարերին ծանոթացնելը, հաղորդակից դարձնելը, որի իրականացումն ապահովեց Ավագ դպրոցի սովորող-պարուսույց Մերի Խաչիկյանը։
Պարուսուցմանը հաջորդեց մայրենիի դասավանդող Անուշ Ներսիսյանի աշխատանքը ճամբարականների հետ, ով նրանց ներկայացրեց մայրենին Ավագ դպրոցում։
Օրվա ավարտին ամփոփեցինք «Մուտք» Ավագ դպրոց ուսումնահետազոտական ճամբարի երևանյան փուլը, որի ավարտից հետո ճամբարականներին ներկայացրինք Արատեսյան ճամբարի նախագիծը։

Երևանյան փուլի մասին ճամբարականների գրառումները՝ այստեղ․

Արտագնա փուլ՝ օգոստոսի 20-22

Բավականին հետաքրքիր, արդյունավետ և բացահայտող նշանակությամբ իրականացավ նաև «Մուտք» Ավագ դպրոց ճամբարի արտագնա փուլը՝ Արատեսյան ուսումնահայրենագիտական եռօրյա ճամբարը, որտեղ լիովին տեսանելի են դառնում ճամբարականների տարբեր որակներ, հատկանիշներ, կարողություններ և հմտություններ, նրանց արժեքային համակարգերը, որոնք օգնում են մեզ՝ դասավանդողներիս, ճիշտ բնութագրել կրթահամալիրում սովորել ցանկացողներին և ճիշտ ընտրություն կատարել։
Օգոստոսի 20-22-ը Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպված ուսումնահայրենագիտական ճամբարն այդպիսին էր․․․

«Մուտք» Ավագ դպրոց ճամբարի երրորդ փուլի մասնակիցների  բնութագրերը՝

  1. Նարե Վարդանյան-նուրբ, ստեղծագործող անձնավորություն է: Հակված է հաղորդակցության ոլորտը սահմանափակել միայն ստեղծագործող անհատներով: Խելացի և պարտաճանաչ է:  
  2. Թամարա Հայրապետյան-դժվար է հաղորդակցվում անծանոթ միջավայրում և կայուն արժեհամակարգի բացակայության պայմաններում կարող է հայտնվել իր իսկ շահերը վնասող սոցիալական համակարգում: Դաստիարակված է ավագների նկատմամբ ընդգծված հարգանքի կանոններով: 
  3. Եթեր Սիմոնյան-դերասանի շնորհք ունի, որն ի չարս է օգտագործում: Հակված է վնասակար սովորույթների և հասարակայնորեն վտանգավոր ենթամշակույթների:  
  4. Ռաֆայել Խալաթյան-հետաքրքրությունների շրջանակը հիմնականում սահմանափակվում է սպորտով: Կարգապահ է: Նախաձեռնողականությունը սաղմնային վիճակում է: Մտավոր կարողությունները բավարար են նվազագույն կրեդիտներ հավաքելու համար: «Փափուկ» վերահսկողության կարիք ունի:  
  5. Դինա Հովհաննիսյան-համեստ, ընկերասեր անձնավորություն է: Ունի բազմազան նախասիրություններ: Պատրաստակամ է կատարել կոլեկտիվին օգտակար հանձնարարականները, սակայն նախաձեռնողականություն չի դրսևորում: 
  6. Ռաֆայել Հակոբյան-անհանդուրժող է իրենից տարբերվողների նկատմամբ: Հակված է ինքնահաստատվել թույլ կամ զրոյական դիմադրողականություն ունեցող պատանիների արժանապատվության ոտնահարման հաշվին: Հետաքրքրությունը ուսման նկատմամբ բացակայում է: 
  7. Օֆելի Թաթոսյան-ուսման նկատմամբ կայուն հետաքրքրություն չունի: Ընկերախմբերին անդամակցելիս չի կարևորում նրանց ընտրած արժեհամակարգը: 
  8. Սահակ Կարապետյան-միջակություն է, այդ հասկացության ամենալայն բովանդակության և՛ դրական, և՛ բացասական դրսևորումներով, որտեղ գերակշռում է դրականը:  
  9. Սոնա Ավետյան-զուսպ անձնավորություն է, առանց բացասականի քողարկումների: Կարող է դառնալ կրթական ոլորտի առաջընթացի համար պայքարող շարքային: Մտավոր և հաղորդակցական կարողությունները միջին մակարդակի են: 
  10. Զոյա Բեգյան-զտային կարողությունները միջինից բարձր են, իսկ հաղորդակցական կարողությունները՝ բավարար: Նախաձեռնողականությունը կաղում է: 
  11. Կիմ Պողոսյան-ինքնագնահատականը և իրականությունը որոշակիորեն տարբերվում են: Հետաքրքրված է ռազմական գործով և սպորտով:  
  12. Դավիթ Զաքարյան-պարզ, անմիջական անձնավորություն է: Հարգալից է ավագների նկատմամբ, պատրաստակամ կատարելու նրանց հանձնարարությունները: Հաղորդակցական միջավայրը նեղ է: Ընդգծված է հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ: 
  13. Շահեն Թամազյան-լռակյաց, պարուրված անտարբերության քողով, իրականում ապրումակցում է թույլերին, սակայն նրանց պաշտպանելու ներուժը ձևավորված չէ: Հաղորդակցական կարողությունները բավարար են: Ընդգծված հետաքրքրություն չի ցուցաբերում որևէ գիտության նկատմամբ: Կրթահամալիրում սովորելու գերմոտիվացիան կարևոր գործոն է ուսման ոլորտում հաջողություններ արձանագրելու համար: 
  14. Վերգինե Խաչատրյան-ուսումնական հետաքրքրությունները սահմանափակվում են օտար լեզուներով: Դասավանդողների հետ հարաբերվելիս փորձում է երևալ այնպիսին, ինչպիսին, իր կարծիքով, նրանք ցանկանում են տեսնել:  
  15. Միլենա Դանիելյան-իրականությունը ցանկալիի հետ նույնականացնելիս հասնում է ինքնախաբեության աստիճանի: Կրթությունը կարևորում է միայն խոսքով: 
  16. Հայկ Կիրակոսյան-Հայկի ինքնահաստատվելու ճանապարհներից մեկն ուրիշին նվաստացնելն է։ Հետևաբար նա չի կարող լինել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորող։ 
  17. Տիգրան Հարությունյան-բազմակողմանի զարգացած, հասարակական ակտիվ գործունեություն ծավալած անձնավորություն է: Բնագիտական հակումներն ընդգծված են: Հասարակայնորեն վտանգավոր ենթամշակույթների դեմ պայքարում վճռականության և փորձառության պակաս ունի: 
  18. Էլեն Հարությունյան-հավասարակշված, հաշվենկատ (հասկացության դրկան իմաստով), պարտաճանաչ: Հմտությունների մակարդակը հնարավորություն է տալիս վստահություն հայտնել, որ արդյունավետորեն կհաղթահարի հեռավար կրթության խութերը: 
  19. Հրաչյա Գալստյան-խելացի, նախաձեռնող, աշխատասեր, պատրաստակամ օգնել յուրաքանչյուրին, թեթև խրախուսանքից ոգևորվող: Ծնողական և մանկավարժական հմուտ աջակցության դեպքում կդառնա մեր պետությանը խիստ պակասող քաղաքացիներից մեկը: 
  20. Արեգ Աբրահամյան-ծնողի գերհոգատարության արդյունք է՝ բարի, արտաքին պաշտպանության գերի, կամքի թույլ դրսևորումներով: Ուսման նկատմամբ ունի ընդգծված հետաքրքրքություն: 
  21. Տիգրան Ղամբարյան-հակասական անձնավորություն է: Ինքնուրույնության զգալի չափաբաժին ունի, սակայն արտաքին ազդեցության դաշտը դեռ մեծ է: Առկա են կամային որակներ, որոնց դրսևորման ոլորտների ընտրությունը կարող է բացասական լինել անարդյունավետ մանկավարժական առաջնորդության դեպքում: 
  22. Սամվել Մանուկյան-հետաքրքրությունների ոլորտը և սոցիալական միջավայրը սահմանափակ են: Կամային որակները սաղմնային վիճակում են: Առկա են սկզբունքային հակասություններ, մասնավորապես՝ ազգային ոլորտում, կրթահամալիրի դավանած արժեքների հետ: 
  23. Ցոլակ Սահակյան-միանշանակ անհամատեղելի է կրթահամալիրի հռչակած սկզբունքների հետ: 
  24. Գրիշա Մանուչարյան-պատրաստակամ և հետևողական է հանձնարարություններ կատարելիս, սակայն թույլ է դրսևորված նախաձեռնողականությունը: Հարգում է հասարակական համակեցության բոլոր անդամներին: Համեստ է, առկա է մտավոր գործունեության բավարար ներուժ: 
  25. Արթուր Թովմասյան-նախաձեռնող, աշխատասեր, իր և ուրիշների իրավունքների համար պայքարող պատանի է: Հասարակական գործունեության պատրաստականության մակարդակը դեռ զիջում է պատրաստակամության մակարդակին: Մտավոր կարողությունները և դրանց հետևանք ուսումնական հմտությունների մակարդակը միջինից բարձր է: 
  26. Ստեփան Չիլինգարյան-«գորշ» կամ «լռակյաց» մեծամասնության ներկայացուցիչ է, սակայն դեռ ներուժ ունի այդ կարգավիճակը փոխել հոգատար առաջնորդության առկայության դեպքում: 
  27. Ավետիս Հովակիմյան-կայացած անձնավորություն է: Ստեղծագործող է: Գիտնական դառնալու ներուժ ունի: Հաղորդակցման կարողությունները զիջում են մտավոր հմտություններին: 
  28. Գոռ Փիլիպոսյան-կարողանում է հաղորդակցվել տարբեր արժեհամակարգեր կրող անհատների և խմբերի հետ: Իր արժեհամակարգը հեղհեղուկ վիճակում է: Մտավոր կարողությունները բավարար են ավագ դպրոցի հեղինակային ծրագիրը յուրացնելու համար: 

Գրում են ճամբարականները՝

Լուսաբանումներ՝
«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահայրենագիտական ճամբարը՝ ֆոտոշարով.Արատեսից Վաղաշեն…
Մուտք» Ավագ դպրոց ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսում. ճամբարականների պարուսուցում…պարուսույց՝ Ավագ դպրոցի սովորող Մերի Խաչիկյան.
Մուտք» Ավագ դպրոց ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսում. զրույց-քննարկում ճամբարականների հետ…
-Բարձունքը նվաճված է…Ավագ դպրոց «Մուտք»-ի ճամբարականները Սմբատաբերդի բարձունքին…
-«Բարբառներ» ակումբը Արատեսում․բարբառային զրույցներ ճամբարականների հետ

«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահետազոտական-ուսումնահայրենագիտական ճամբարը՝ ֆոտոշարով․

Սիրով, հարգանքով՝
Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
/ճամբարի համակարգողներ/

Leave a comment