Համագործակցային ուսումնահայրենագիտական ճամփորդություն․․․Եղիպատրուշ-Քուչակ

Հոկտեմբերի 22-ին իրականություն դարձրինք «Կրթահամալիր-184 Ավագ դպրոց» համագործակցային ուսումնահայրենագիտական ճամփորդությունը՝ հայրենագիտական նոր բացահայտումներով Արագածոտնի մարզում՝ Եղիպատրուշ-Քուչակ գյուղեր, Ապարանի գեղատեսիլ ջրամբար /թերակղզի/…Այս անգամ մեզ համար բացահայտում էր Քուչակ գյուղը՝ աշնանային գույների մեջ, բերք ու բարիքի առատությամբ, գյուղական մաքուր, անշահախնդիր հյուրասիրությամբ, անուշ բարբառով…Հերթական անգամ համոզվեցի, որ մարդկայնությունը գյուղում է պահպանված…

Լուսանկարները՝ Մերի Խաչիկյանի

Շնորհակալ եմ Եղիպատրուշի և Քուչակի իմ գործընկերներին և սովորողներին մեր օրը արդյունավետ և բովանդակալից կազմակերպելու համար, շնորհակալ եմ 184 Ավագ դպրոցի ուսուցիչներին և սովորողներին կրթահամալիրի հետ համագործակցելու պատրաստակամության համար, շնորհակալ եմ կրթահամալիրի «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի սաներին՝ մեր օրը պարերգերով համեմելու համար:
Եվս մեկ ապրած օր ունեցանք, իրական հայրենաճանաչության սիրուն օր…

Ավելին՝ տեսանյութերում և լուսաբանումներում․

Բարբառային զրույց 82-ամյա Լուսիկ տատի հետ /տեսանյութը՝ Մերի Խաչիկյանի/․

5-րդ դարի խաչքարերի հարևանությամբ է ապրում Գայանե մայրիկը, ով մեզ պատմեց Եղիպատրուշ գյուղի մասին /տեսանյութը՝ Լենա Անանյանի/

Լուսաբանումներ՝

Թիվ 184 Ավագ դպրոցի արձագանքը՝

Լենա Անանյան՝ աշխարհագրության ուսուցչուհի
 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության և հասարակագիտության դասավանդող Վարդան Կարապետյանի  հետ համատեղ և նրա նախաձեռնությամբ «Ուսումնական ճամփորդությունները՝ հայրենաճանաչություն» հետազոտական աշխատանքի շրջանակում կազմակերպեցինք և իրականացրեցինք ուսումնահայրենագիտական ճամփորդություն։ Թիվ 184 Ավագ դպրոցի և կրթահամալիրի հետաքրքրված սովորողներից ձևավորված խմբի հետ նախապես սկսեցինք աշխատել՝ ներկայացրինք ճամփորդության նախագիծը, միասին ծանոթացանք այցելության վայրերի պատմության, աշխարհագրության հետ, իսկ հոկտեմբերի 22-ին իրականություն դարձրինք այն։ Անչափ շնորհակալ ենք ընկեր Վարդանին հետաքրքիր և հագեցված օրվա համար, աշակերտները և մենք նոր հետաքրքիր վայրեր բացահայտեցինք և ծանոթացանք, շփվեցինք տեղի բնակիչների հետ։

Հասմիկ Գաբրիելյան՝ աշխարհագրության ուսուցչուհի
Ընկեր Վարդանի նախաձեռնությամբ ունեցանք ուսումնական բովանդակալից ու հագեցած օր, վայելեցինք գյուղերի հրաշք բնությունը, շփվեցինք բնակիչների հետ, լսեցինք բարբառային համով-հոտով զրույցներ:
«Շնորհակալություն ամեն ինչ շատ լավ էր։ Արշավը շատ ուսուցողական էր, հասարակ, ջերմ ու բարի մթնոլորտում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր մեր այցելած Արագածոտնի մարզի գյուղերը, շատ գեղեցիկ վանքեր և պատմամշակութային վայրեր, հուշարձաններ կան, որոնց մասին շատերը չգիտեն։ Ամեն բան շատ կազմակերպված և հետաքրքրաշատ էր»,- այսպիսին էր մեր աշակերտուհիներից մեկի՝ Էրիկայի օրվա տպավորությունը։

Leave a comment