Գործընկեր դպրոցները հարիսայի համայնքային ծեսին

Նոյեմբերի 25-27-ը Սյունիքի մարզի Կոռնիձոր և Քարաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների տարատարիք սովորողների և ուսուցիչների 20 հոգանոց խումբը կրթական փոխանակումներով, հարիսայի համայնքային ծեսին մասնակցելու նպատակով հյուրընկալվեցին կրթահամալիրում, իսկ նոյեմբերի 26-ին նրանց միացան նաև Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի միջնակարգ և Երևանի թիվ 184 Ավագ դպրոցների սովորող-ուսուցիչների 35 հոգանոց խումբը․․․

Նախ խոսեմ սյունեցիների մասին՝

Կրթահամալիր-Կոռնիձոր կրթական կապերն ունեն արդեն հինգ տարվա պատմություն, և այս հինգ տարիների ընթացքում բազմաթիվ փոխայցելություններ են իրականացվել կրթահամալիր և Կոռնիձոր, երկու անգամ իրականացրել ենք նաև միասնական ճամբար Արատեսի դպրական կենտրոնում։

Հարիսայի համայնքային ծեսին այս տարի կոռնիձորցիների չորրորդ մասնակցությունն է, այն արդեն ավանդույթ է դարձել, որին Կոռնիձորի դպրոցականները սիրով են սպասում, իհարկե, համայնքային այդ տոնին նրանց սիրով ընդունելուն միշտ պատրաստ է նաև կրթահամալիրը։

Այս տարի կոռնիձորցիներին միացել են նաև հարևան գյուղի՝ Քարաշենի դպրոցից մի փոքր խումբ՝ տնօրեն Գուրգեն Մկրտչյանի ղեկավարությամբ։ Փոքր գյուղի փոքրաքանակ դպրոցի համար սա կարևոր քայլ էր, ինչպես մեր զրույցի ընթացքում իր խոսքում հաստատեց դպրոցի տնօրենը, որը, սակայն, հետագա մեծ համագործակցային դաշտի սկիզբ կարող է դառնալ։
Քարաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի և հասարակագիտություն դասավանդողի հետ գործնական քննարկումների արդյունքում ձեռք բերեցինք հետևյալ պայմանավորվածությունները՝
1. Համագործակցել սովորողների հետազոտական աշխատանքների և նախագծային գործունեության ուղղություններով
2. Իրականացնել կրթական փոխանակումներ
1-ին կետն իրականացնելու նպատակով Քարաշենի ավագ դպրոցականներին առաջարկվելու են մեզ մոտ իրականացվող հետազոտական թեմաները: Որևէ սովորողի կողմից թեմայի ընտրության դեպքում հաստատվելու է կապ կրթահամալիրի ու քարաշենցի սովորողի միջև և նրանք կատարելու են համատեղ հետազոտություն հրապարակային պաշտպանության ակնկալիքով: Մինչ այդ մեր սովորողների մի փոքր խմբով այցելելու ենք Քարաշեն ներկայացնելու հետազոտական աշխատանքների ընթացքը:
2-րդ կետը՝ կրթական փոխանակումը կատարվելու է փորձի գործնական հաղորդման ճանապարհով: Որպես առաջին քայլ՝ մարտյան ուսումնական ճամփորդության ընթացքում Աշոտ Տիգրանյանը մեկ օր դասավանդելու է Քարաշենի միջնակարգ դպրոցում:

Նոյեմբերի 26-ին Կոռնիձոր-Քարաշեն միասնական խմբին միացան նաև Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի միջնակարգ և Երևանի թիվ 184 Ավագ դպրոցների ուսուցիչ-սովորողների 35 հոգանոց խումբը․․․

Լուսանկարները՝ Անուշ Համբարձումյանի

Գեղակերտի դպրոցը ևս նոր չէ կրթահամալիրի համար, շուրջ չորս տարի է միմյանց ճանաչում ենք, այս ընթացքում երկու հաստատությունների միջև նույնպես իրականացվել են փոխայցելություններ, 2020-ի հունվարին Գեղակերտի դպրոցականները երկրորդ անգամ եղան կրթահամալիրում՝ մասնակցելու ձմեռային ամենամյա ուսումնական ճամբարին և «Ծիսական դդմատոնին», իսկ 2020-ի փետրվարին Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ մասնակցեցին Գեղակերտի դպրոցում կազմակերպված համադպրոցական միջոցառմանը՝ նվիրված Տեառնընդառաջին: 

Սեբաստացի սովորողները հյուրերին ներկայացնում են կրթահամալիրի Ավագ դպրոցը՝

Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը մշտապես ողջունում է երկու կրթական հաստատությունների միջև շփումները,  շնորհակալությամբ է հեռանում կրթահամալիրից և միշտ պատրաստակամ համագործակցելու կրթահամալիրի հետ։

Գեղակերտի դպրոցի և տնօրեն Անուշ Համբարձումյանի ֆեյսբուքյան արձագանքը՝
«Այսօր Գեղակերտի միջնակարգ դպրոցի սաները տնօրեն տիկին Համբարձումյանի գլխավորությամբ «Ազգային ծեսեր և սովորույթներ» խմբակի շրջանակներում, համագործակցելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, ընկեր Կարապետյանի հրավերով մասնակցում էին «Հարիսայի փառատոն» ծիսական արարողությանը: Հատուկ շնորհակալություն սեբաստացիներին և ընկեր Կարապետյանին հրաշալի հյուրընկալության համար»․․․Գեղակերտի դպրոց

«Շնորհակալ ենք Вардан Карапетян-ից և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  անձնակազմից հրաշալի համագործակցության և բարեկամության համար»․․․դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյան․

Երևանի թիվ 184 Ավագ դպրոցի հետ մեր համագործակցությունը նոր է, որը ձևավորվել է պարտադիր ատեստավորվող ուսուցիչների, այս դեպքում 184 Ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհիներ Լենա Անանյանի և Հասմիկ Գաբրելյանի հետազոտական աշխատանքների ղեկավարման արդյունքում։ Նրանց հետազոտության թեման էր՝ «Ուսումնական ճամփորդությունները՝ հայրենաճանաչություն», որի շրջանակում հոկտեմբերի 22-ին իրականացրինք համագործակցային ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արագածոտն՝ Եղիպատրուշ-Քուչակ-Ապարանի ջրամբար։ Այս համագործակցությանը հաջորդեց նրանց մասնակցությունը հարիսայի համայնքային ծեսին՝ դպրոցի տնօրեն Տաթև Մելքոնյանի ղեկավարությամբ։ Եկել էին սիրով, աշնանային տրամադրությամբ՝ մրգերով լի զամբյուղով, խաղողի-գինու դպրոցին՝ նվեր-գինու բաժակներ, աշխույժ ազգագրական պարով, իսկ հրաժեշտը կրկին շնորհակալությամբ և մշտապես համագործակցելու պատրաստակամությամբ։

Թիվ 184 Ավագ դպրոցի և սեբաստացի ուսուցիչ-սովորողների միասնական պարը Մարմարյա սրահում /տեսանյութը՝ Լենա Անանյանի/․

Օրվա ֆոտոընտրանուց՝

Ծիսական օրն ամփոփեցինք Քոլեջում, ունեցանք մտքերի փոխանակում, եղան համագործակցային առաջարկներ և, իհարկե, միմյանց շնորհակալության խոսքեր․․․

Ֆեյսբուքյան լուսաբանումներ՝

-Միասնական պարուսուցում Մարմարյա սրահում․պարուսույց՝ Լաերտ Գրիգորյան
-Սեբաստացի սովորողները հյուրերին ներկայացնում են Ավագ դպրոցը
Հյուրերը Խաղողի-գինու դպրոցում․ներկայացնում է գինեգործության բաժնի 2-րդ կուրսի ուսանողը
Գեղակերտի դպրոցի և տնօրենի արձագանքը

Սիրով՝ ընդունելության համակարգողներ
Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան

Leave a comment