Կարծիք-գրախոսական

Մասնագետների կարծիք-գրախոսականները Ավագ դպրոցի սովորողներ Տիգրան Գրիգորյանի և Ալլա Թադևոսյանի հետազոտական աշխատանքների վերաբերյալ․․․

1․ ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սմբատ Հովհաննիսյանի կարծիքը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Տիգրան Գրիգորյանի հետազոտական աշխատանքի վերաբերյալ՝

Թեման՝ «Կորեայի պատմություն»

Հարգելի՛ Վարդան Կարապետյան, կարդացել եմ Ձեր սովորողի՝ Տիգրան Գրիգորյանի հետազոտական աշխատանքը և պետք է ասեմ, որ սովորողը բավականին դժվար գործ է արել, բայց և կարողացել է ինչ-որ չափով գլուխ հանել։

Լավ կլիներ, որ կոնկրետ խնդրի շուրջ կազմակերպեր իր նյութը և թվական կողմնորոշումն ավելի թուլացնել։ Թեպետ սովորողն առաջին անգամ է զբաղվում այսպիսի գործով, հետևաբար թվականներով կողմնորոշվելը օգնել է նրան, որպեսզի կարողանա ասելիքն այդ ծավալուն ժամանակագրության մեջ տեղ հասցնել։ Լավ կլինի, որ հետագայում, որպես  իր հետազոտական աշխատանքի շարունակություն-զարգացում, ժամանակագրական այդպիսի ծավալուն թեմայի փոխարեն վերցնի կոնկրետ խնդրակենտրոն թեմա․ դա և՛ հնարավորություն կտա նրան ժամանակը ռացիոնալ ծախսել, և՛ ասելիքի մեջ գտնել նորութենականը։

Ընդհանուր առմամբ՝ լավ աշխատանք է, ես դրական եմ գնահատում։

Հարգանքով՝
Սմբատ Հովհաննիսյան

2․ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի Գունանկարի արվեստանոցի ղեկավար Կարեն Մկրտչյանի կարծիքը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Ալլա Թադևոսյանի հետազոտական աշխատանքի վերաբերյալ՝

Թեման՝  «Վերածննդի ճարտարապետությունը»․

Ալլա Թադևոսյանի «Վերածննդի ճարտարապետությունը» հետազոտական աշխատանքը ձևավորվեց Վերածննդի առաջադեմ և հումանիստական արվեստի նկատմամբ Ալլայի հետաքրքրվածության արդյունքում: Վերածննդի մեծերի աշխատանքներին և բազմակողմանի գործունեությանը մենք բազում անգամներ անդրադարձել ենք արվեստանոցում՝ վերլուծելով, գնահատելով և հիանալով: Թեմայի վերջնական ընտրությանը նպաստեց Ալլայի՝ ճարտարապետ դառնալու վճռականությունը, որն էլ դրեց հիմքը՝ ապագա մասնագիտությունը հիմնավոր ուսումնասիրելու սկզբի:

Թեման ընդգրկուն է, և ներառել ողջ Վերածննդի արվեստը այս ֆորմատի մեջ՝ անհնարին է: Ալլան ներկայացրել է Վերածննդի հիմնական շրջանները՝ վաղ վերածննդից մինչև մաներիզմ, նշել հունա-հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքների, հնարքների ու ձևերի կիրառման ազդեցությունն ու նշանակությունը հասարակական շենքերի, պալատների, աշխարհիկ և այլ կառույցների ոճի հաստատման գործում։ Նշելով տարածման աշխարհագրությունը՝ նա հիմնականում կանգ է առել Իտալական Վերածննդի, մասնավորոպես ճարտարապետության վրա՝ հարակից անդրադառնալով ճարտարապետական կառույցների ինտերիերի և էքտերիերի ձևավորմանն ուղղված ժամանակաշրջանի հանճարեղ արվեստագետների գործերին /քանդակ, որմնանկար/: Կարևոր անդրադարձ կա արվեստում կրոնի, քաղաքականության, գիտության և տեխնիկայի դերին, որոնք առանցքային դարձան «Վերածնունդ» հասկացողության զարգացման գործում: Վերածննդի դարաշրջանի հայտնի կառույցներին անդրադառնալով՝ Ալլան նկարագրում է յուրաքնչյուրին բնորոշ ճարտարապետական դիմագիծն ու առանձնահատկությունները:

Հետազոտական աշխատանքը կատարված է բարեխղճորեն: Ներկայացված են Վերածննդի ժամանակաշրջանի էությունն ու գեղագիտական ողջ հայեցակարգը, նրա կարևոր դերն ու նշանակությունը համաշխարհային արվեստի զարգացման գործում:

Սիրով՝
Կարեն Մկրտչյան

Leave a comment