Սիրադեղյանական օրերի ամփոփումը Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթիում

Սիրադեղյանական օրերի շրջանակում նոյեմբերի 17-19-ը հետազոտական վարժարանի սովորողների, շրջանավարտների և դասավանդողների 20 հոգանոց խմբով «Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներ-քայլարշավային» նախագծով ճամփորդեցինք Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Կոթի-Կողբ-Բերդավան բնակավայրերում, հիմնական նպատակն էր՝ ամփոփել Սիրադեղյանական օրերը Վանո Սիրադեղյանի ծննդավայրում։

Օր առաջին

Առաջին օրը եղանք Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթիում։ Նախ այցելեցինք Կոթիի միջնակարգ դպրոց, որտեղ կոթեցի դպրոցականների և ուսուցիչների մասնակցությամբ իրականացրեցինք բուռն քննարկում Սիրադեղյանի գաղափարների և Արցախի հիմնախնդրի շուրջ, որից հետո միասնական քայլքով այցելեցինք Վանո Սիրադեղյանի շիրիմին՝ որպես հարգանք և խոնարհում «Վանո Սիրադեղյան» գրողին, հրապարակախոսին, քաղաքական գործչին։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում /տեսանյութը՝ Նանե մարտիրոսյանի/․

Օրվա ֆեյսբուքյան լուսաբանումը՝ այստեղ․

Սահմանային աշուն

Ճանապարհները տանում են այնտեղ, ուր քո հոգին է առաջնորդում,
Ուր տեսիլքները դառնում են կյանք, որն արևում է և անձրևում,
Թշնամի տեսած ձիու նման նրանք ծառսվում են և ոլորվում,
Կամ արշավում են վարգով անսանձ` ձնծաղիկ ու կու իրար խառնում:

Քո ճանապարհը կարող է հանկարծ դեմ առնել ժայռի ապառաժին,
Կամ մոլորվելով լույսերի մեջ գիշերն հայտնվել վիհի եզրին,
Ես, որ գիշատչի գենն եմ կրում և բույրն անմահ ծաղկի,
Ականջալուր եմ միշտ քո հուսահատ կանչին:
Աշոտ Տիգրանյան, 17. 11. 2023, Բերդավան

Օր երկրորդ՝

Ճամփորդական երկրորդ օրն անցկացրեցինք Կողբում։ Նախ այցելեցինք Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպում, ջերմ զրույց-քննարկումից հետո սեբաստացի սովորողները ներկայացրեցին նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացումը կրթահամալիրի հետազոտական վարժարանում, քննարկեցինք մի շարք համագործակցային առաջարկներ, ձեռքբերվեցին պայմանավորվածություններ։ Այնուհետև այցելեցինք Կողբի գեղարվեստի դպրոց, որտեղ աշխատում են արվեստի ու կրթության իսկական նվիրյալներ։ Ծանոթացանք դպրոցի գործունեության ուղղություններին, քննարկեցինք համագործակցության ծրագրեր։ Այնուհետև Կողբի դպրոցականների ուղեկցությամբ քայլեցինք գյուղում՝ ճանապարհին զրույց-շփումներ ունենալով գյուղացիների հետ։ Կողբը ամրապնդեց մեր հույսը հանրապետության ապագայի նկատմամբ․․․

Հանդիպում-զրույց Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում /տեսանյութը՝ Արինա Ամիրյանի/․

Ֆեյսբուքյան լուսաբանումներ՝

Սահմանային աշուն

Ինչպես սրտի խորքում ծնված թունավոր նետ,
Ինչպես ջարդից փրկված արևաստեղծ մի երգ,
Ինչպես պայքարում պարտվածի արյունաներկ դիակ,
Ինչպես պայքարից փախածի կախաղանված կմախք,

Ես այս ամենի վկան եմ նախաստեղծ:
Ինչպես աշնանային չքամահարված տերև
Ինչպես ձմեռային կապից փախած արև,
Ինչպես երգում կորած և գտնված նոտա,
Ինչպես ձորից ելնող կաղ ապագա,
Ես այս ամենի վկան եմ նախաստեղծ:

Եվ ես՝ այդ ամենի վկան նախաստեղծ,
Ժամանակի միակ արգելքն եմ անեղծ:
Աշոտ Տիգրանյան, 17. 11. 2023, Բերդավան

Օր երկրորդ՝

Ճամփորդական վերջին՝ երրորդ օրն անցկացրեցինք սահմանապահ Բերդավան գյուղում։ Սկզբում այցելեցինք Բերդավանի միջնակարգ դպրոց, ծանոթություն, զրույց-շփումներից հետո դպրոցի պատմության երիտասարդ ուսուցիչը ներկայացրեց գյուղի և դպրոցի պատմությունը, որից հետո սեբաստացի սովորողները ներկայացրեցին նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացումը կրթահամալիրի հետազոտական վարժարանում։ Դպրոցում մեր հանդիպումն ավարտեցինք միասնական պարուսուցումով, որն իրականացրեց սեբաստացի շրջանավարտ Մերի Խաչիկյանը։

Միասնական պարուսուցում /պարուսույց՝ սեբաստացի շրջանավարտ Մերի Խաչիկյան/

Բերդավանի դպրոցականների և պատմության ուսուցչի ուղեկցությամբ բավականին երկար և հետաքրքիր միասնական քայլք ունեցանք դեպի Բերդավանի ամրոց /10-11-րդ դարեր/, որտեղ էլ զգում ես սահմանապահ գյուղի և գյուղացու ուժը, ապրելու և արարելու ոգին…կեցցե’ք դուք, սիրելի’ բերդավանցիներ․․․

Երբ իջեցրել են բոլոր դրոշները,
Ու լաց ու կոծ է համատարած,
Մենք բարձրացնում ենք սև դրոշակը,
Որին լոկ մեկ բառ է գրված:

Մահն է այդ բառը, որից սարսում են
Ե´վ ադամորդին, և´ անասունը,
Ե´վ մեր թշնամի բազմադեմ թուրքը,
Բայց ոչ հայ ազգի անմեռ սերուցքը:
Աշոտ Տիգրանյան, 19. 11. 2023, Բերդավան–Երևան

Ֆեյսբուքյան լուսաբանումներ՝

Ավարտվեց ևս մեկ ստացված ճամփորդություն, հերթական անգամ բացահայտեցինք նոր գյուղեր՝ սահմանը պահող գյուղեր, ճանաչեցինք նոր մարդկանց՝ սահմանը պահող մարդկանց։ Ճանաչեցինք , կապեր ստեղծեցինք նոր դպրոցների հետ, որտեղ արժանացանք ջերմ ընդունելության, դպրոցներ, որոնք պատրաստակամ են  հեռանկարային համագործակցության։ Մենք կրկին համոզվեցինք, որ սահմանապահ գյուղի առաջին սահմանն անցնում է դպրոցով։ Դուք մտքով նորարար եք և հոգով ուժեղ, սիրելի՛ տավուշցիներ…կեցցե՛ք։

Երբ ավարտվում է, ինչն անավարտ է,
Ինչը ծնվել է լոկ մեր կամքով,
Հետո ինչ, որ կամքը բազմամարդ է,
Շրջանակված է ժամանակով:

Տավո´ւշ, վերադարձս հուշերով լի է,
Կրկնապատկված այսօրվա օրով,
Սահմանը հուշի միակ բանալին է,
Սահման, որ անցնում է հոգուս միջով:
Աշոտ Տիգրանյան, 19. 11. 2023, Բերդավան-Երևան

Սովորողների ճամփորդապատումները՝

Leave a comment