«Գետը բնակավայրում» նախագիծ

ՆԱԽԱԳԾԻ ՈւՂՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ

«Դեպի Պարսկահայք» ճամփորդությունից՝
Արաքս գետ՝

Արաքսը (նաև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։
2019 թ. հունիսի 4-ի վաղ առավոտյան «Դեպի Պարսկահայք-Թավրիզ» նախագծային խումբը, սահմանային Ագարակ քաղաքում միանալով Մեղրի համայնքի պարսկերեն ուսումնասիրող խմբին, հայ-իրանական սահմանը հատելուց հետո մոտ 300 մետր քայլեցին Արաքսի վրայով՝ անցնելով Իրանի տարածք: Այնտեղ սպասող ավտոբուսում տեղավորվելուց հետո մենք ճանապարհ ընկանք դեպի Թավրիզ՝ մոտ մեկ ժամ բարձրանալով Արաքսի երկայնքով:
Ջուլֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածության վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ, գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Ղարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։
Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով:

Լուսանկարները՝ հայ-իրանական սահմանից և Ջուլֆայից՝

Ուրմիա լիճ՝
Ուրմիա լիճը Հայկական լեռնաշխարհի ամեմամեծ և ամենաաղի լիճն է: Գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում: Այն ընկած է Արևելյան Ատրպատական և Արևմտյան Ատրպատական նահանգների միջև: Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն է և մոլորակի երրորդ աղի լիճը` 5.200 քառակուսի կմ մակերեսով: Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է:
Այսօր լիճը, ցավոք, օրեցօր ցամաքում է: Ցամաքած տարածքները վերածվել են աղապատ դաշտերի: Լճի վրա կառուցված կամուրջը կապում է Արևելյան Ատրպատականը Արևմտյան Ատրպատականի հետ կամ Թավրիզ քաղաքը Ուրմիա քաղաքի հետ: Հետաքրքիր է, որ կամրջից աջ՝ հյուսիս ընկած հատվածում լճի գույնը կարմիր է, իսկ դեպի ձախ՝ հարավ ընկած հատվածում՝ կապույտ է:

Լուսանկարներում երևում են նաև Ուրմիայի աղապատ դաշտերը՝


«Դեպի Ջավախք» ճամփորդությունից՝
Կուր գետ՝
Հայերեն Քուռ, վրացերեն Մտկվարի, թուրքերեն Kura-Անդրկովկասում ամենամեծ գետն է, սկիզբ է առնում Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում, Կիզիլ-Գայդուկիի լեռան արևելյան լանջից /Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝  Թուրքիայում/: Հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով: Երկարությունը 1515 մ է, ավազանի մակերեսը՝ 188 մ.: Վրաստանում է գտնվում գետի մոտ 400 կմ. հատվածը: Քուռ գետի ամենաերկար մասը գտնվում է Ադրբեջանում, այնտեղ նրա երկարությունը կազմում է 906 կմ: Գետի ավազանը ներառում է՝ Հայաստանի տարածքը ամբողջությամբ, Ադրբաջանի և Վրաստանի տարածքների մեծ մասը, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի տարածքի մեծ մասը: Քուռ գետը խառը սնուցվող գետ է: Այն սնվում է ձյան, անձրևի և ստորգետնյա ջրերով: Բնութագվում է գարնանային վարարումներով, իսկ ամռանը և ձմռանը գետի ջուրը պակասում է: Գարնանային վարարումները սկսվում են մարտ ամսվա առաջին կեսին, առավելագույնին է հասնում մայիսի սկզբին, իսկ հունիսի վերջին վարարումները վերջանում են: Հուլիս-օգոստոս ամիսներին Քուռ գետի ջուրը պակասում է:
Քուռ գետը ունի մեծ նշանակություն Վրաստանի և Ադրբեջանի տնտեսության մեջ: Քուռի և նրա վտակների ջրերով են ոռոգում Վրաստանի և Ադրբեջանի գյուղատնտեսական տարածքների մեծ մասը:

Լուսանկարները՝ Ջավախքի Վարձիա քարանձավային պատմամշակութային համալիրից՝


Սևանի «Ժայռ» ճամբարից՝
Հրազդան Գետ
Հրազդան գետը (նաև՝ Զանգու) Սևանա լճից սկիզբ առնող միակ գետն է, Արաքսի ձախ վտակը։ Գետն ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 քառ. կմ է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ առնելով Սևանա լճից՝ հոսում է հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքս գետը: 
Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի  հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։ 

Լուսանկարները՝ Արգելի /Գյումուշի/ կամրջից և Ծովագյուղից /Հրազդանի ակունք/՝

Սևանա լիճ՝
Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով)-լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց լիճ անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ և այլն, իսկ նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա: Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ:
Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։ 1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963-81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։
Լիճը շրջապատում են արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունի լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:

Լճի հյուսիսային մասում գտնվում էր Սևանա կղզին, որը ջրի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:
 Տնտեսական մեծ առժեք են ներկայացնում լճի ջրային և ձկնային պաշարները: 
Սևանը մեծ առժեք է ներկայացնում նաև զբոսաշրջիկության տեսակետից: Նրա ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Աշնանը շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում բարձր լեռներից ջրային հայելու վրա իջնող վիթխարի ամպերը: Արևոտ եղանակներին Սևանը շշմեցնում է իր՝ շերտ-շերտ դասավորված կապույտ գույնի երանգներով, իսկ ամպամած եղանակին ջինջ կապույտը դառնում է խստաշունչ երկաթագույն: Կարող է թվալ, որ Սևանը երկնքի կտոր է երկրի վրա: Այն Հայաստանի բնության գոհարն է:

Լուսանկարները՝ «Ժայռ» ճամբարային ափից և Արեգունի լեռներից՝

Leave a comment