Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք․ամփոփում

Մայիսյան հավաքի աշխատակարգ

Մայիսի 2-28-ը կրթահամալիրի օրացույցով  հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 17-րդ հավաքի շրջան էր՝ օրացուցային, շուրջտարյա նախագծերի արդյունքների ամփոփման, կլոր սեղան-քննարկումների, ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդությունների, ընտրությամբ դասընթացների, գործունեությունների, ակումբների, ստեղծագործական խմբերի հաշվետու նախագծերի ներկայացումների, գիտաժողովների մասնակցության, արտագնա պարապմունքների, ուսումնական տարվա ընթացքում արվածն ու չարվածը վերլուծել-ներկայացնելու լավագույն շրջան։

Փորձեմ ամփոփել այս հագեցած, բուռն աշխատանքների ամիսը՝ ըստ իրականացված աշխատանքների հաջորդականության՝

Ինձ համար մայիսը սկսվեց մի շատ կարևոր, հեղինակավոր միջազգային հնգօրյա գիտաժողովի մասնակցությամբ։ Մասնակից սովորողները 10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խումբն էր և Ավագ դպրոցի այլ հետաքրքրված սովորողներ, ժամանակահատվածը՝ մայիսի 3-7, յուրաքանչյուր օր մասնակցում էր հետաքրքրված սովորողների մի խումբ՝ ըստ իրենց հետաքրքրող թեմայի ընտրության։ Այս ուսումնական տարում սա «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի համար երկրորդ միջազգային գիտաժողովն էր, որին սովորողները մասնակցեցին մեծ հետաքրքրությամբ։ Նման գիտաժողովներին սովորողների մասնակցությունը կարևոր եմ համարում, քանի որ այդպիսով ընդլայնվում է  նրանց սոցիալական մտահորիզոնը, զարգանում են սովորողների համագործակցային կարողությունները, լեզվական հմտությունները, նրանց արժեհամակարգում կարևորվում է գիտության դերը պետության, ազգի և անհատի կյանքում:
Մանրամասն՝ գիտաժողովի ամփոփիչ փաթեթում

Արտագնա պարապմունքները նույնպես կարևոր դեր ունեն սովորողների կրթական տարբեր հմտությունների ձևավորման-զարգացման գործում։ Մայիսին «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի և Ավագ դպրոցի այլ հետաքրքրված սովորողներ մասնակցեցին երկու արտագնա պարապմունքի, որոնք իրականացվել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, իսկ պարապմունքները վարում էր թանգարանի տնօրեն, պատմաբան-հնագետ Միքայել Բադալյանը։ Ինչպես սովորողներն են նշում իրենց պատումներում, երկու պարապմունքների արդյունքում նորովի բացահայտեցին «Էթիունի-Ուրարտու» թագավորությունները, պատկերացում կազմեցին հնագիտական պեղումների մի շարք գաղտնիքների, նրբությունների մասին, իսկ ահա ամռանը և աշնանը սովորողները ցանկություն ունեն մասնակցելու հնագիտական պեղումների՝ ունենալով անձամբ պարոն Բադալյանի հրավերը։
Սովորողների լուսաբանումները՝ արտագնա պարապմունքի նախագծում

Ինչպես վերը նշեցի, մայիսյան հավաքը առանձնահատուկ էր նաև կլոր սեղան-քննարկումներով, հավաքներով, ինչպես կրթահամալիրի մասնախմբերով, լաբորատորաներով, տարբեր նախագծային խմբերով, այնպես էլ տարբեր ոլորտների հրավիրյալ մասնագետների մասնակցությամբ։ Հասարակագիտական լաբորատորիայի նախաձեռնած հերթական կլոր սեղանը իրականացավ ԵՊՀ-Կրթահամալիր քննարկման ձևաչափով, որին մասնակցում էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ։ Քննարկման թեման բավական արդիական էր՝ «ՀՀ հարաբերությունները հարակից երկրների հետ»։ Զեկուցումներով հանդես եկան պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պ․գ․թ․ Տիգրան Ղանալանյանը, պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Քրիստինե Կարապետյանը և այլ ուսանողներ։ Իսկ Ավագ դպրոցի սովորողները հանդես եկան հարցադրումներով, իրենց տեսակետ-դիրքորոշումների արտահայտմամբ, որոնք հետագա հանդիպումների, քնարկումների գաղափարներ առաջացրին կլոր սեղանի ավարտին։
Սովորողների լուսաբանումները՝ կլոր սեղանի նախագծում

Ինչպես նշեցի նախաբանում, մայիսը առանձնանում էր նաև ուսումնական ճամփորդություններով։ Դարձյալ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբով ճամփորդեցինք մի շատ հետաքրքիր գյուղական բնակավայրում՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Գյուղը բացահայտում էր ոչ միայն սովորողների համար, այլև ինձ համար․․․չքնաղ բնություն, փարթամ, կոկիկ, մշակված այգիներ, մարդկային ջերմ հարաբերություններ, գյուղական անարատ բարիքների հյուրասիրություն, այլ․․․Ջանֆիդա գյուղի դպրոցը պատրաստակամ է կրթական կապեր հաստատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, և առաջիկայում ակնկալում ենք ջանֆիդացիների փոխադարձ այցը կրթահամալիր։
Մանրամասն՝ ամփոփիչ պատումում

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների մայիսը ամփոփվում է «Հանրապետության օրեր․Մեր տոնը բարձունքին» բարձունքի հաղթահարման, քայլարշավային նախագծերի իրականացմամբ, ճամփորդություններով։ Այս տարի մեր տոնը Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ միասին արժևորեցինք իմ չքնաղ Սյունիքում, սահմանապահ Կոռնիձոր գյուղում։ Գյուղի դպրոցը շուրջ հինգ տարի է, ինչ կրթական կապեր ունի կրթահամալիրի հետ, որն ամուր է պահվում փոխադարձ այցելություններով, սովորողների՝ միմյանց հետ ունեցած կապերի պահպանմամբ, Կոռնիձոր գյուղի հանդեպ կրթահամալիրի ունեցած վերաբերմունքով։
Մանրամասն՝ ամփոփիչ պատումում

Մայիսյան հավաքի ընթացքում մասնակցել եմ նաև օրացուցային այլ հավաքների, կլոր սեղանների, մանկավարժական խորհրդով, մասնախմբով հավաքների, շարունակել եմ աշխատել հեռավար ուսուցմամբ սովորողների հետ, աշխատել եմ սովորողների բլոգներում, գնահատման մատյաններում՝ ամփոփելով սովորողների ուսումնական երրորդ շրջանը։

Ակտիվ, հագեցած օրացույցով աշխատել է նաև հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան,  հասարակագետները հանդես են եկել տարբեր ուսումնական նախագծերի արդյունքների ամփոփում-ներկայացումներով, կլոր սեղաններով, ակումբային գործունեության հաշվետու ամփոփում-ներկայացումներով, ուսումնական ճամփորդություններով, նոր նախագծերի, նախաձեռնությունների մեկնարկով, այլ․․․
Ամփոփումը՝ լաբորատորիայի բլոգում

Ակտիվ, կենդանի գործել է նաև «Բարբառներ» ակումբի բլոգը, որտեղ կարող եք տեսնել նյութեր՝ իրականացված Սյունիքյան և Ջանֆիդա գյուղի ճամփորդությունների շրջանակում։ Իսկ ահա առջևում հունիսյան ուսումնական ճամբարն է, որի շրջանում «Բարբառներ» ակումբը կներկայանա հետաքրքիր նախաձեռնություններով, բարբառային ընթերցումներով, բարբառագետ հյուրերի հետ հանդիպում-քննարկումներով։
Ամփոփումը՝ «Բարբառներ» ակումբի բլոգում

Ընդհանուր առմամբ մայիսն ինձ համար ակտիվ, եռուն, հագեցած, ակտիվ աշխատանքի ամիս էր, նաև ուսումնական պարապմունքների ամփոփման և հունիսյան ճամբարի մեկնարկի շրջան։

Սիրով՝ Վարդան Կարապետյան
Ավագ դպրոցի դասավանդող

Leave a comment