Պատմության ընտրությամբ դասընթաց․ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ավագ դպրոցի 11-րդ դասարանի  «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբում առաջին ուսումնական շրջանում ընդգրկված էր 14 սովորող։ Այս ուսումնական շրջանում  դասընթացը գործել է բավականին ակտիվ, արդյունավետ, սովորողներն իրականացրել են ուսումնական տարբեր աշխատանքներ՝ պատմագիտական թեմաների ուսումնասիրություն, նախագծային գործունեություն, հանդիպում հրավիրյալ մասնագետների հետ, կլոր սեղան-քննարկումներ, արտագնա պարապմունքներ, թանգարանային այցելություններ, մասնակցություն ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտում կազմակերպված երկօրյա միջազգային գիտաժողովին, ուսումնական ճամփորդություններ, այլ․․․

Ուսումնական առաջին շրջանի ամփոփումներով ներկայանում են սովորողները՝

  • Կարինե Գոմցյան
    Առաջին ուսումնական շրջանի արդյունքում ծնվել են նոր գաղափարներ, որոնց հիման վրա կկազմենք մեր հաջորդ ուսշրջանի ծրագիրը։ Արդեն սկսել ենք պատրաստվել հունիսի 16-ին կայանալիք ՀՀ ԱԳՆ ուսումնաճանաչողական այցին։ Պլանավորել ենք մի քանի արտագնա պարապմունքներ տարբեր ուղություններով։ Նախատեսել ենք արտագնա պարապմունք Մեծամորի հնավայրում, որի մասին դեռ գարնանը «Էրեբունի» թանգարանում մեզ պատմում էր պարոն Բադալյանը, նշելով, որ Մեծամորը ամենահարուստ հնավայրերից մեկն է, որտեղ պարտադիր պետք է լինել։ Հայաստանի պատմության թանգարան այցը մեզ միտք տվեց ընտրության դասընթացի շրջանակում այցելել նաև Խոր Վիրապ, որտեղ կարող ենք տեսնել Հին Արտաշատի հնավայրը։ Պատմության թանգարանում նաև մեզ հետաքրքրեց Հայաստանի Ազգային պատկերասրահ այցելելու միտքը, որը նախատեսում ենք իրականացնել հաջորդ ուսշրջանում․․․և էլի նոր գաղափարներ․․․
  • Արթենի Ջանիկյան
    Սիրադեղյանական օրերին մասնակցությունս առանձնացրել եմ, քանի որ, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Սիրադեղյանական օրերը ունեցան ինձ համար մեծ նշանակություն։ Սիրադեղյանական օրերի ընթացքում ներդրել եմ առավելագույն ջանքերս և անդադար աշխատել եմ։ Կարծում եմ, որ այս ուսումնական շրջանում կատարածս ամենածավալուն աշխատանքները հենց վերաբերվում էին այդ նախագծին։ «Սիրադեղյան» երևույթը ինձ համար դարձել է կյանքի անբաժան մաս, որն ազդում է ինձ վրա միայն դրական կերպով, իսկ ավելին իմ վերաբերմունքի և աշխատանքներիս վերաբերյալ կարող եք իմանալ, տեսնել վերը նշված նյութերիս մեջ՝ անցնելով Վանո Սիրադեղյանի մեծածավալ փաթեթով։
  • Շուշան Փաշինյան
    Ամփոփելով ուսումնական առաջին շրջանը՝ կարող եմ ասել, որ պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակում կատարել ենք յուրահատուկ ուսումնասիրություններ՝ տարբերվող ձևաչափով, և այս պահին կարող ենք փաստել, որ մեծ առաջադիմությամբ իրականացրել ենք դասընթացի ծրագրով նախատեսված մեր անելիքները և այս ոլորտում մեծ առաջընթաց ենք գրանցել:
  • Միլենա Քամալյան
    Կարծում եմ, բոլորդ էլ տեղյակ եք, որ ցանկացած հանդիպումից, կլոր սեղան-քննարկումից կամ արտագնա պարապմունքից առաջ մենք կատարում ենք նախապատրաստական աշխատանք՝ ուսումնասիրում ենք տրված թեմայի շուրջ նյութեր, հետազոտություններ ենք անցկացնում, նոր տեղեկություններ գտնում։ Սա իրականում շատ կարևոր է, քանի որ հանդիպումից կամ արտագնա պարապմունքից առաջ թեկուզ և չնչին ինֆորմացիայով, բայց տեղեկացված ենք լինում։
  • Անահիտ Հովսեփյան
    Հայաստանի անկախության օրվա /սեպտեմբերի  21/ առթիվ շատ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում ենք ունեցել պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ։ Շատ կարևոր, տեղեկատվական, լրացուցիչ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն էր ԳԱԱ Պատմության ինստիտուտում կազմակերպված Միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելը՝ «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով։ Քանի որ մոտենում էին Սիրադեղյանական օրերը, այդ առիթով կազմակերպվեց մի շատ հետաքրքիր կլոր սեղան, որտեղ ներկա էին Արամ Մանուկյանը, Հրանտ Մաթևոսյանի որդին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրենը՝ Դավիթ Մաթևոսյանը և Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը։ Դասընթացների ընթացքում ծանոթացա և կարդացի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» գիրքը, որը գրել էր Ռուբեն Գալիչյանը՝ բրիտանա-իրանացի հայ քարտեզագետ, ում հետ ևս կլոր սեղան-քննարկում ունեցանք։
  • Նունե Հովհաննիսյան
    Արդեն երկրորդ տարին է, ինչ սովորում եմ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբում, և ամեն անգամ ուսումնական շրջաններն ամփոփելիս հասկանում եմ, թե որքան աշխատանք ենք կատարել այդ ընթացքում։ Իսկ հիմա ժամանակն է ամփոփելու 2022-2023 ուստարվա ուսումնական առաջին շրջանի աշխատանքները։
  • Կարինե Միքայելյան
    Արդեն երկրորդ տարին է, ինչ ես «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի մասնակից սովորող եմ։ Պետք է խոստովանեմ, որ հետաքրքրությունս և ոգևորությունս չի պակասել ընդհանրապես։ Ընտրությամբ դասընթացը մեծ հնարավորություն է տալիս ճանաչել այս ոլորտում փորձառու, հետաքրքիր տեսակետներ ունեցող մասնագետների, մասնակցել քննարկումների, գիտաժողովների և արտագնա պարապմունքերի։
  • Ալիսա Մկրտչյան
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում ես սովորում եմ 2022-2023 ուս․ տարվանից, այսինքն նոր սովորող եմ, և այստեղ ամեն բան նոր է ինձ համար։ Նորություն էր նաև «ընտրությամբ դասընթաց» ասվածը, ըստ որի սովորողն ընտրում է իրեն առավել հետաքրքրող, իր նախասիրություններին, հետաքրքրություններին և մասնագիտական կողմնորոշմանը համապատասխանող երեք առարկա և ուսումնասիրում ավելի խորացված։ Ես ընտրել եմ նաև «Պատմություն» առարկան, և պետք է խոստովանեմ, որ առաջին ուսումնական շրջանում «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում շատ ակտիվ, օգտակար և հետաքրքիր պարապմունքներ ենք ունեցել։
  • Արաքս Քալիճյան

    Այս ուսումնական տարին առաջինն է ինձ համար, ինչ սովորում եմ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբում։ Այս ուսշրջանում իրականացրել ենք հետաքրքիր կլոր սեղան-քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ, պատմագիտական թեմաների ուսումնասիրություններ, արտագնա պարապմունքներ, այլ նախագծային աշխատանքներ։ Չնայած որոշ քննարկումների, արտագնա պարապմունքների չեմ մասնակցել, սակայն նախապատրաստական աշխատանքներ եմ կատարել, կարդացել, ուսումնասիրել եմ քննարկման կամ պարապմունքի թեմաները։

Դասընթացի ղեկավար՝
Վարդան Կարապետյան

Leave a comment