Ճամփորդապատում, մաս 1-ին․Աշնակում Սասուն տեսանք

Ավարտվեց մեր եռօրյա ուսումնահայրենագիտական-հետազոտական-ազգագրական, կրթական փոխանակումներով ճամփորդությունը Սասնո ժառանգների տարածաշրջանում՝ Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր-Աշնակ-Թալին-Դաշտադեմ բնակավայրերում, ժառանգներ, ովքեր ամուր են կառչած իրենց արմատներին, հպարտությամբ ու սիրով են հնչեցնում Սասնո բարբառը, խրոխտ են պարում Սասնո պարերը, սիրով ու հոգով են պատրաստում Սասնո ավանդական ուտեստները…Աշնակում, Բազմաբերդում մենք Սասուն տեսանք…

Ես Սասուն զգացի Աշնակ գյուղում,
Երբ հյուրն Աստծունն է, Աստծո երկրում,
Շաքարը մնաց շան բերանում,
Քանզի մենք հայ ենք լոկ երեսանց:

Սասունն է արմտակալել այս ժայռերում,
Սասնա հոգին է Աշնակ գյուղում,
Լոկ երազում է զենքն իմ ձեռքում,
Քանզի մենք հայ ենք լոկ երեսանց:

Կարոտն է վազում մտքից առաջ,
Բայց առանց պայքար կա մեծ նահանջ,
Ես ամեն երեկո Կարս եմ կորցնում,
Քանզի մենք հայ ենք լոկ երեսանց:

Ես Սասուն լսեցի Աշնակ գյուղում,
Երբ Լեռան բարբառն է միտքս գերում,
Շաքարը մնաց շան բերանում,
Հովվի մահակն է մեզ պակասում:
Աշոտ Տիգրանյան, 21.10.2023

Մենք վերադարձանք հարստացած, ասելիքով, որի մասին այս օրերին շարունակում են իրենց բլոգներում գրել-պատմել հետազոտական վարժարանի սովորողները, ովքեր անդադար իրենց տպավորությունների և գոհունակության մասին են բարձրաձայնում…Շնորհակալ ենք Ձեզ, Սասնո’ ժառանգներ, այդքան հյուրընկալ, դռնբաց, աղ ու հացով լինելու /մնալու/, մեր երեք օրերն այդքան լցնելու, արժեքներ, մարդկայնություն մեզ փոխանցելու համար։ Մեր կրթական, անձնային կապերն էլ ավելի ամրացան, որոնք, վստա’հ եմ, կունենան շարունակականություն ու զարգացում…Շնորհակալ ենք…

Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,
Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն…
Հեյ վա՜խ, Սասնա բանձրի՜կ սարեր,
Հեյ վա՜խ, Սասնա քաղցրի՜կ ձորեր…
Գևորգ Էմին

Հոկտեմբերի 20-ին մեր 22 հոգանոց ճամփորդական խումբը ճանապարհվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ առավոտյան ուսումնական ժամերգությանը մասնակցելուց հետո…դեպի նոր արարումներ սասնո ժառանգների մասնակցությամբ…

Առաջին կանգառը Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում էր, որտեղ մեզ դիմավորեցին գյուղի դպրոցականների խումբը՝ պատմության ուսուցչուհի Հասմիկ Ասատրյանի ուղեկցությամբ, գյուղի վարչակազմի աշխատակցուհի, Պարտիզակ գյուղի հասարակագիտության ուսուցչուհի, իմ լավ ընկեր Մարո Հովհաննիսյանը, Ներքին Բազմաբերդի մշակույթի տան ղեկավարը և գրադարանավարուհին։ Հավաքվեցինք Ներքին Բազմաբերդի հուշարձանային համալիրում, որտեղ դրված է սպասող մոր քանդակը և Ներքին Բազմաբերդ գյուղի տոհմածառը, որում թվարկված են Էրգրի՝ Արևմտյան Հայաստանի Սասնո և Մշո գավառների այն 28 գյուղերը, որտեղից գաղթածները հիմնել են Ներքին Բազմաբերդ գյուղը…եզակի կառույց, որից ես երբևէ չեմ տեսել հայաստանյան այլ բնակավայրերում։ Իսկ գյուղի մշակույթի տան պատին փակցված էին գյուղի հիմնադիրների լուսանկարները։ Մեզ ընդունեցին Սասնո նախնյաց և ժառանգներին վայել հյուրընկալությամբ, Սասնո թունդ բարբառով, դպրոցականները եկել էին պատրաստված՝ գյուղի մասին, այդ հրաշք հուշարձանի մասին պատմություններով։
Պակաս կարևոր չէր նաև հաջորդ կանգառը՝ Կաքավաձոր գյուղով դեպի Օթևան գյուղ՝ եզդիական բնակչությամբ Բայսըզ գյուղը, որտեղ, հենց գյուղի շեմին հպարտ կանգնած է Սուրբ Աստվածածին միջնադարյան եկեղեցին։

Օթևանից /Բայսըզ/ Կաքավաձոր-Ներքին Բազմաբերդով վերադարձանք մայրուղի՝ շարունակելով մեր ճանապարհը դեպի չքնաղ Աշնակ․․․

Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում.
Ուր, փեշի տակ Արագածի,
Տան կտրին նստած հացի,
Ձա՜յն են տալիս իրար հերթով
Եվ գյուղամեջ գալիս խմբով,
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.․․
Գևորգ Էմին

Դպրոցի բակում մեզ դիմավորեցին աշնակցի դպրոցականները՝ դպրոցի տնօրեն, իմ լավ բարեկամ Վահրամ Մարտիրոսյանի ուղեկցությամբ․․․ջերմ, ժպիտով, սիրով ընդունելություն, շրջայց դպրոցում, որից հետո հետազոտական վարժարանի նախագծային խումբը աշնակցի դպրոցականներին ներկայացրեց իր նախագիծը, ծավալեցին օգտակար քննարկում, որի արդյունքում ձեռք բերվեցին համագործակցային պայմանավորվածություններ, իսկ դրանով ևս մեկ անգամ ամրապնդվում է երկու կրթական հաստատությունների կապը՝ ավելի գործնականացնելով այն։

Երկու կրթական հաստատությունների սովորողների միասնական հավաքին հաջորդեց միասնական ճաշը, որը պատրաստել էին աշնակցիները՝ իրենց տներից բերված ամենահամեղ, անարատ, սիրով պատրաստված ուտեստներով, իհարկե, դպրոցի խոհարար տիկին Նոնայի աջակցությամբ․․․կրկին շնորհակալ ենք․․․

Ճաշից հետո դպրոցի հանդիսությունների սրահում ունեցանք շատ տպավորիչ զրույց՝ Սասնո ժառանգների գերդաստանների և բարբառի շուրջ։ Հիացած եմ աշնակցիների՝ իրենց արմատների, բարբառի, Սասնո պարերի հանդեպ ունեցած վերաբերմունքի, հարգանքի, դրանք այդքան արժևորելու որակներից, և պետք է նորից կրկնեմ՝ Աշնակում ես Սասուն տեսա…

Զրույց Սասնո բարբառի և գերդաստանների շուրջ՝ աշնակցիների մասնակցությամբ /«Մեր գերդաստանը» նախագիծը և «Բարբառներ» ակումբը Աշնակում/․

Իսկ երեկոն մեր առաջին ճամփորդական օրվա հետաքրքիր ավարտ-ամփոփումն էր․երեկոյան խարույկի շուրջ հավաքվել էին աշնակցի և սեբաստացի սովորողները՝ կիթառի և ջութակի նվագակցությամբ…իրական համակեցություն, ընկերային հարաբերություններ…

Ավարտվեց առաջին օրը, սեբաստացի ճամփորդները հյուրընկալվում և գիշերում են իրենց աշնակցի ընկերների և դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի տներում։ Միշտ ասել և կրկնում եմ՝ մարդկայնությունը և արժեքները գյուղում են, հերթական անգամ համոզվեցի…ամենուր հյուրասիրություն, գերդաստաններ, անուշ բարբառներ, գյուղական մաքուր մարդկային հարաբերություններ…հիացած ենք Աշնակի դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի, աշնակցի դպրոցականների վերաբերմունքից, ջերմ ընդունելությունից և մեզ հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունից, որի ապացույցներից մեկն այն էր, որ սեբաստացի սովորողները գիշերեցին իրենց աշնակցի ընկերների տներում, ավելի ճիշտ՝ օջախներում․․․

Օջախիդ
Ես որբի որդի՝ մեծացած մենակ,
Դու գերդաստանի հերթական զավակ,
Այսօր նույն բանն է մեզ միավորում՝
Այդ սրբությունը օջախ է կոչվում:

Մեր հոգու կանչը նույնն է բարբառում
Ես իմ պապին եմ անվերջ կարոտում,
Իսկ դու լեռների քո արմատներին,
Բայց խոսքը նույնն է ուղղված Արարչին:

Մենք մի զարմից ենք այս աշխարհ եկել,
Նույն հողն ու ջուրն են մեր հեգին կերտել,
Մեր արյունը նույն գեներն է կրում,
Մեր ուսերին ենք պետություն պահում:

Դու Սասնո զավակ՝ լեռներին կարոտ,
Ես որբի զավակ՝ օջախի կարոտ։
Աշոտ Տիգրանյան, 21.10.2023

Սովորողների լուսաբանումները՝

Leave a comment