ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈւՍՈւՑՈւՄ-«ԵՐԵՎԱՆ 2800»…

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ…

«Երևան 2800» նախագծի շրջանակում ավագ դպրոցի սովորողների հետ շարունակում ենք ուսումնասիրել երևանյան ձիարձանները, և այսօր՝ հունվարի 18-ին նորից այցելեցինք Երևան քաղաքի ձիարձաններ: Այսօրվա մեր քայլքը ուղղված էր դեպի Էրեբունի վարչական շրջան, Սասունցի Դավիթ կայարան, որտեղ գտնվում է «Սասունցի Դավիթ» ձիարձանը, ապա՝ Բաղրամյան պողոտա, որտեղ տեղադրված է «Մարշալ Բաղրամյան» ձիարձանը:

Սկզբում եղանք «Սասունցի Դավիթ» ձիարձանի մոտ, որտեղ սովորողները լսեցին ձիարձանի ստեղծման պատմությունը, լուսանկարահանումներ իրականացրեցին, կատարեցին ռադիոձայնագրություններ, իսկ հետո անցորդներին հարցեր ուղղելով՝ պարզեցին նրանց իմացությունն ու վերաբերմունքը «Սասունցի Դավիթ» ձիարձանի մասին:

Այնուհետև մետրոյով շարժվեցինք դեպի Բաղրամյան պողոտա՝ ուսումնասիրելու «Մարշալ Բաղրամյան» ձիարձանը: Այստեղ նույնպես սովորողները լսեցին ձիարձանի ստեղծման պատմությունը, կատարեցին լուսանկարահանումներ, ռադիոձայնագրություններ, իսկ հետո հարցում անցկացրեցին անցորդների շրջանում: Նշեմ, որ սովորողները անցորդներից լսեցին հետաքրքիր պատասխաններ, նոր վարկածներ, որոնք մեզ ծանոթ չէին, մեզանից իմացան շատ տեղեկություններ երևանյան ձիարձանների մասին, բայց նաև վեր հանեցին այն խնդիրը, որ մեր հասարակության ոչ բոլոր անդամները գիտեն Երևան քաղաքի ձիարձանները…/Խնդրի մասին խոսում է նաև նախագծի մասնակից Մարգարիտա Մանվելյանը իր բլոգում/…

Այսպիսով, ավարտեցինք ևս երկու ձիարձանի ուսումնասիրություն…մեզ սպասում է Գայի՝ Հայկ Բժշկյանի ձիարձանը, որը մեր ուշադրության կենտրոնում կհայտնվի հաջորդ շաբաթ, որով էլ կավարտենք և կամփոփենք «Երևան քաղաքի ձիարձանները» նախագիծը…

«ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ»…

statue-of-david-of-sassoun

Անդրադարձ  կատարելով Երևան քաղաքում գտնվող ձիարձաններին,  առաջինը միանշանակ պետք է ներկայացնել  Երվանդ Քոչարի  ստեղծած Սասունցի Դավթին:«Սասունցի Դավիթ» ձիարձանը Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։ Հենրիկ Իգիթյանը ասել է, որ եթե  Քոչարը անգամ միայն Դավթի արձանը կերտեր, դրանով իսկ կմնար համաշխարհային պատմության էջերում: 1939 թվականին հայտարարվեց մրցույթ «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակին ընդառաջ, և այդ մրցույթում Երվանդ Քոչարը, ով նոր էր վերադարձել Փարիզից, հանձն առավ կատարելու այդ գործը: Փայտե մի քանի մետրանոց պատվանդանին Սասունցի Դավթի գիպսե արձանը պատրաստ էր 18 օր անց։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի՝ մինչև Քոչարի ձերբակալումը։ Քանդակագործին մեղադրեցին, որ «մերկացրած սրով հեծյալը սուրում է դեպի «բարեկամ» Թուրքիա», որը հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, երկու ամիս բանտում անցկացնելուց հետո նրան ազատեցին հանցակազմի բացակայության հիման վրա։ 1957 թվականին Երևանի քաղաքային խորհուրդը նրան կրկին հանձնարարեց Սասունցի Դավթի արձանը կերտել։Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին: Այն ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Պետք է նշել,  որ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։

«ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ»… 

ph138675146835

Հայերի համար ոչ պակաս նշանակություն ունի Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց: «Մարշալ Բաղրամյան» ձիարձանը տեղադրվել է 2003 թվականին։ Քանդակագործն է՝ Նորայր Կարգանյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։

Այս շաբաթ նախատեսել էինք այս երկու ձիարձանների ուսումնասիրումը: Հաջորդ շաբաթ մեր նախագծային խումբը կայցելի Գայի՝ Հայկ Բժշկյանի ձիարձան, որով էլ կավարտենք Երևան քաղաքի ձիարձանների ուսումնասիրությունը…

Leave a comment